ԺԻՐԱՅՐ (Պոյաճյան Հարություն-Մարտիրոս) (1856, Հաճըն - 1894, Յոզղատ), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Մեծն Մուրադի եղբայրը: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան դպրոցում, 1872-74-ին սովորել Կ. Պոլսում: Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ զբաղվել է ուսուցչությամբ, կիրառել ուսուցման նոր եղանակներ, ներմուծել զինվորական մարզանք: Ժիրայրը քարոզել է ժողովուրդների բարեկամության գաղափարը՝ նշելով, որ Օսմանյան կայսրությունում ճնշված վիճակում են ոչ միայն հայերը, այլև թուրքերը, քրդերը և մյուս ժողովուրդները, կապ է հաստատել թուրք և քուրդ գործիչների հետ, Սինճան գյուղում թուրքական կալվածատիրոջ դեմ հանել հայ և թուրք գյուղացիներին: Ստեղծել է ֆիդայիների խումբ՝ ժողովրդի շահերը պաշտպանելու և հեղափոխական շարժում ծավալելու նպատակով: 1892-ին Փոքր Ասիայի 82 բնակավայրերում փակցվել են Աբդուլ Համիդ II-ի բռնակալական վարչակարգը տապալելու կոչով թռուցիկներ, որոնք խմբագրել էին Ժիրայրը և Հովհաննես Պահլավունին: Դա թուրքական իշխանությունների կողմից նոր հալածանքների առիթ է ծառայել, ձերբակալվել են 850 կասկածելի հայեր, որոնցից 56-ը դատապարտվել են (17-ը՝ մահվան, 12-ը՝ ցմահ, 24-ը՝ 10 տարվա բանտարկության): Անմեղ մարդկանց փրկելու նպատակով Ժիրայրը հանձնվել է իշխանություններին, որոնք նրան կախաղան են բարձրացրել:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am