«ԿԱՊՈՒՅՏ ԳԻՐՔ», փաստաթղթերի ժողովածու, որը 1916 թ. Լոնդոնում հրատարակել է Ջ. Բրայսը "The Treatment օf Armenians in the Ottoman Empire 1915-16" («Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ.») վերտառությամբ («Կապույտ գիրք» անվանումը ստացել է գրքի կազմի գույնից): Գիրքն ունի ընդարձակ նախաբան, որտեղ շարադրված է հայ ժողովրդի համառոտ պատմությունը մինչև Մեծ եղեռնը: Ժողովածուն բովանդակում է 158 փաստաթուղթ (կազմում է 628 էջ): Դրանք Օսմանյան կայսրության տարածքում հայերի 1915-16 թթ. բռնագաղթի ու ոչնչացման մասին առաջնային նշանակության տարբեր բնույթի վավերագրեր ու վկայություններ են, հիմնականում՝ Թուրքիայում աշխատող օտարերկրացիների տեղեկագրեր ու զեկուցագրեր իրենց կառավարություններին, ականատեսների հուշագրություններ, դիմումներ ու բողոքներ: «Կապույտ գիրք»-ում զետեղված նյութերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ հայերի կոտորածը ոչ մահմեդական մոլեռանդության բռնկում էր և ոչ էլ միջցեղային թշնամության դրսևորում, այն որոշակի ծրագրված պետական քաղաքականություն էր, որը նախապատրաստել ու իրականացրել են պետական իշխանության մարմինները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարները:
Նյութերն ընտրելիս Ջ. Բրայսը դրսևորել է անկողմնակալություն՝ ձգտելով ժողովածուում մեծ տեղ տալ չեզոք երկրների ներկայացուցիչների (միսիոներներ, բժիշկներ, ուսուցիչներ, գթության քույրեր, գիտնականներ, զինվորականներ, դիվանագետներ, պետական ծառայողներ, արդյունաբերողներ ևն) հեղինակած փաստաթղթերին: Հավաքած նյութերի վավերականությունը փաստելու համար կազմողը իրականացրել է վերլուծական բնույթի ծավալուն աշխատանք, կատարել համեմատություններ, փաստաթղթերի համադրություններ, ձգտել պատմական իրադարձությունները ներկայացնել այնպես, ինչպես դրանք եղել են: Գրքի վավերականության ու անկողմնակալության վրա էական ազդեցություն չի գործել Ջ. Բրայսի որոշ վերապահ և սուբյեկտիվ մոտեցումը Հայկական հարցում Անգլիայի վարած երկդիմի ու շահամոլ քաղաքականությանը: Մեծ քանակությամբ նյութեր կան, որոնք մերկացնում են կայզերական Գերմանիայի հրեշավոր դերը հայ ժողովրդի ցեղասպանության գործում:
«Կապույտ գիրք»-ը նաև գաղափարախոսական-քաղաքական պայքարի զենք է ընդդեմ պատմության՝ հին ու նոր թուրք կեղծարարների, հանուն պատմական ճշմարտության և հանուն հայ ժողովրդի արդար պահանջների բավարարման:
Ս. Պողոսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am