Կարսի պայմանագիր 1921: Կնքվել է հոկտեմբերի 13-ին, Կարսում, մի կողմից՝ Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌԽՖՍՀ մասնակցությամբ (Տե՛ս Կարսի կոնֆերանս 1921 թ.): Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921 Մոսկվայի պայմանագրի դրույթները: Պայմանագիրը բաղկացած էր ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում սուվերենություն իրականացնող կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիր: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերվում էին Անդրկովկասի հանրապետություններին. դա չէր տարածվում, սակայն, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վրա: 2-րդ  հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային  այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհուրդային  Հայաստանը չի ճանաչում Սևրի հաշտության պայմանագիրը (1920): 3-րդ հոդվածով  վերացվում էր կապիտուլյացիաների ռեժիմը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշում էր 4-րդ հոդվածով (սահմանների ավելի մանրամասն նկարագրությունը տրվում է 1-ին և 2-րդ հավելվածներում): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջևանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) կազմի ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո: 6,7,8 և 9-րդ հոդվածները վերաբերվում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց, Թուրքիան Բաթում քաղաքի և մարզի նկատմամբ սուվեներության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունը օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվել Բաթումի նավահանգստից առանց դրա համար հատուկ տուրք վճարելու (հոդ. 6): Թուրքիան և Վրաստանը պարտավորվում էին դյուրացնել սահմանամերձ գոտու բնակիչների սահմանի անցումը (հոդ 7), Սև ծովի և նեղուցների միջպետական Ստատուտի մշակումը հանձնվելու էր սևծովյան կոնֆերանսին  (հոդ 9): 10-րդ հոդվածով պայմանադիր կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող կողմերի դեմ պայքարելու նպատակ ունեն: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական դրությունը մյուսի տարածքում, միմյանց քաղաքացիների նկատմամբ առավելագույն բարենպաստման սկզբունքի կիրառում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում ռազմագերիների և գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու, տնտեսական, ֆինանսակա և այլ հարցեր կարգավորելու համար հանձնաժողովներ ստեղծելը, հյուպատոսական համաձայնություններ կնքելը և այլն: 

Կարսի պայմանագրով վերահաստատեց 1921-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Կարսի պայմանագիրը ստորագրել են. ՀԽՍՀ կառավարության կողմից՝ արտաքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանը, Ադրբ. ԽՍՀ կառավարության կողմից՝ ռազմածովային գործերի ժողկոմ Շ. Էլիավան և արտաքին գործերի ու ֆինանսների ժողկոմ  Ս. Սվանիձեն,  Թուրքիայի կողմից ՝ Արրելյան ռազմաճակատի հրամանատար  Թ. Կարաբեքիր փաշան, Վելի բեյը, Մուխթար բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթը,  ՌԽՖՍՀ  կառավարության կողմից ՝ Յա. Գանեցկին:   
 
Է. Զոհրաբյան
 
Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
Զոհրաբյան Է. Ա. <<Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-22թթ.>> Ե., 1979թ.:

Մսըրլյան Զ. <<Երեք դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի դաշնագիրերը 1920-21թթ.)>>, Բեյրութ, 1979թ.: 

 Хармандарян С. В. ,,Карсская конференция 1921г. и ее предистория'',  ԲՀԱ, 1963 №3.

 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am