ԿՅՈՒՆՑԼԵՐ (Küenzler) Յակոբ Կոնրադ (1871, Շվեյցարիա - 1949, Լիբանան), շվեյցարիացի բժիշկ, մարդասեր: 1895-1922-ին (ընդմիջումներով) Ուրֆայում աշխատել է բժիշկ Յո. Լեփսիուսի հիմնած «Արևելյան առաքելություն» հաստատության մեջ: Առաջին աշխարհամարտի ժամանակ Կյունցլերը իր տանը գաղտնի պատսպարել է բազմաթիվ հայ փախստականների (մինչև այդ Կյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթ Բենդերը, որդեգրել էին Վարդուհի անունով հայ աղջնակի): 1922-ին ղեկավարել է հայ որբերի տեղափոխումը Թուրքիայից Սիրիա և Լիբանան: 1922-30-ին եղել է Ղազիրի (Լիբանանում) հայկական որբանոցի տնօրենը, որտեղ պատսպարվում էին 1400 դեռատի հայուհիներ, այնտեղ հիմնել փոքրիկ գորգագործարան: 1930-ական թթ. մեծ օժանդակություն է ցույց տվել հայ գաղթականներին: Պարգևատրվել է Լիբանանի Հանրապետության պատվո շքանշանով (1926), արժանացել (1947) Բազելի համալսարանի պատվո դոկտորի կոչման: 1939-ին լիբանանահայությունը մեծ շուքով նշել է Կյունցլերի հայասիրական գործունեության քառասնամյակը: Կյունցլերը հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների, գեղարվեստական երկերի: Մի քանի հրատարակություն է ունեցել Կյունցլերի ինքնակենսագրական գիրքը՝ «Կյոբին՝ հայերի հայր», որն ըստ էության (1967) ուղղված է ընդդեմ բռնության, չարի և մահվան:
U. Սանջյան (Լիբանան)
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am