ԼԻԲԿՆԵԽՏ (Liebknecht) Կարլ (1871-1919 թթ.), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Գերմանիայի կոմկուսի (1918 թ.) հիմնադիրներից: II ինտերնացիոնալի անդամ: Անձամբ ճանաչել է հայ բոլշևիկ գործիչներ Ս. Շահումյանին, Բ. Կնունյանցին, Ա. Բեկզադյանին, Վ. Կասպարովին, Հ. Հակոբյանին, Հ. Գյուլիքևխյանին: Բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության և նրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը: 1916 թ. գերմանական ռայխսագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրքական կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչության անվտանգության ապահովում: Հայկական հարցին Լիբկնեխտը անդրադարձել է «Սպարտակի միություն» քաղաքական նամակներում (N 12, N 13)՝ գերմանական կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար: 1916 թ. հունիսին Բեռլինի կայսերական դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լիբկնեխտը հիշեցրել է գերմանական կառավարության 1913 թ. այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կդիտի պատերազմի համար: Հայաստանի նկատմամբ իմպերիալիստական պետությունների զավթողական ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լիբկնեխտի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918 թ.) ժողովածուի մեջ:

Գ. Ղարիբջանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am