ԼԼՈՅԴ ՋՈՐՋ (Lloyd George) Դեյվիդ (1868-1945 թթ.), անգլիական պետական գործիչ: Լիբերալ կուսակցության ղեկավար: 1905-08-ին՝ առևտրի, 1908-15-ին՝ ֆինանսների նախարար, 1916-22-ին՝ պրեմիեր մինիստր: 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսի և Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից: 1919-22-ին պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրքական ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել:
1917-22-ին Լլոյդ Ջորջը իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ Հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը [«Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 թթ. և 1909 թվականների սոսկալի սպանդին և 1915 թվականի զարհուրելի կոտորածին» (Ллойд Джордж, Правда о мирных договорах, т. 2, с. 390)]: Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «վտքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը: Բայց, լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝ Հայկական հարցը զոհաբերել Բրիտանական կայսրության շահերին:
Ջ. Թորոսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am