ՄԱՆԱԶԿԵՐՏ. Մալազկերտ, Մելազգերդ, գավառակ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի  Մշո գավառում, Արածանի [Արևելյան Եփրատ (Մուրադ)] գետի հովտում: Մտել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Սպահունիք գավառի կազմի մեջ: Կենտրոնը` Մանազկերտ ավան:

Օսմանյան թուրքերի նվաճումը, քրդական ցեղերի մուտքը, ազգային կրոնական և սոցիալական կեղեքումը, պարբերաբար կրկնվող միջցեղային ընդհանրումները ծանր հարված են հասցրել տեղի հայ բնակչությանը: XVIII դ. վերջի քրդական ասպատակությունները գրեթե ամբողջությամբ ամայացրել են Մանազկերտը` ավերելով հարյուրավոր հայկական  գյուղեր: Հազարավոր հայեր արտագաղթել  են, նրանց լքյալ բնակավայրերում հաստատվել են կիսաքոչվոր քրդերը (հասնանցի ցեղից), ինչն էապես փոխեց Մանազկերտի  էթնիկական պատկերը: Թուրքական կառավարությունը 1870-ական թթՎերջին, որոշ գյուղերում  բնակեցրել  է նաև  հյուսիսկովկասցի լեռնականներիչերքեզներ»): Մահմեդական տարրն արհեստականորեն ավելացնելու նպատակով XIX դ. վերջին Մանազկերտի գավառակին միացվել է Կարայազիի (Խարայազի) քրդական  շրջանը: Այնուամենայնիվ, ընդհուպ մինչև առաջին աշխարհամարտը, Մանազկերտում բնակվել են մեծ թվով հայեր: Ըստ Մշո առաջնորդարանի տվյալների, 1915թ-ին նրանց թիվը 11166 էր (1351 ընտանիք): Առավել ստվար հայ բնակչություն ունեին Դերիկը (722 մարդ), Դյուգնուկը (Դիգնուկ, 438), Խասմիկը (Ըրզի-Խասմիկ, 643) Խարախայան (Կարակայա, 725), Խոթանլուն (400),Մանազկերտը (Բերդ, 945), Նորադինը (1742), Ռուստամգյադուկը (Ռստամգեդուկ, 1411): Հայերը գերազանցապես զբաղվել  են հողագործությամբ

1915թ-ի մայիսին, ռուսական բանակի առաջխաղացման պայմաններում Մանազկերտի հայերը փրկվել են կոտորածից, փոքր ջարդեր են տեղի ունեցել  միայն առանձին, գլխավորապես քրդաշատ գյուղերում (Բանզդեն, Ավթոնա, Կըզլ-Յուսուֆ, Հըսե, Մարմուս և այլն): Հետագայում ռուսական բանակի նահանջի ժամանակ տեղի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան:

 

 Գ. Բադալյան

 

 

Գրականության ցանկ

 

Ա- Դո, «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները», Ե., 1912:

Տեվկանց Ա., «Այցելություն ի Հայաստան 1878թ.», Ե., 1985:

Маевский В. Т.,  Ваенно-статистическое описание Ванского и Битлиского вилаетов, Тифлис, 1904.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am