ՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ (Հովհաննիսյան Սարգիս), Արամ փաշա [1879 թ., գյուղ Զեյվա (այժմ՝ Դավիթ բեկ գյուղ ՀՀ Կապանի շրջանում) - 1919 թ., Երևան], պետական, հասարակական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ավարտել Երևանի թեմական դպրոցը (1901 թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-03 թթ. գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-08 թթ. գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել Ժնևում, 1910 թ. նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը: Կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր): Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան: 1916-17 թթ. աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում (զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի I համագումարի կազմակերպման գործում: 1917 թ. որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ. մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում Մանուկյանը ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար. «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»: Մանուկյանի հերոսական ջանքերի շնորհիվ ժողովուրդը համախմբվեց հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ, ստեղծվեց կառավարման կուռ պետական մեխանիզմ: Կառավարության դերը կատարում էր վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն էր Մանուկյանը: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918 թ. մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ. հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը:

Վայելել է հայ ժոդովդի սերն ու հարգանքը, որը նրան երգեր է ձոնել:

Կ. Սարդարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am