ՄԱՐԿՎԱՐՏ (Markwart) Յոզեֆ (1864-1930 թթ.), գերմանացի գիտնական-արևելագետ, հայագետ: Բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի պաշտպանությամբ, մեղադրել երիտթուրքական ղեկավարներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային ջարդ կազմակերպելու համար: Մարկվարտը նշել է, որ նույնիսկ «Սահմանադրության» հռչակումից (1908 թ.) հետո օսմանյան քաղաքականության կարգախոսը մնում էր նույնը՝ երբ չլինի հայ, չի լինի նաև Հայկական հարցը: Ադանայում հայերի կոտորածը (1909 թ.) ցույց տվեց, որ երիտթուրքերը, որոնք Եվրոպայում ձեռք էին բերել ազատախոհի համբավ, իրենց դաժանությամբ չէին զիջում Աբդուլ Համիդ II-ին: Մարկվարտը հայերի ցեղասպանությունը դիտել է որպես Թուրքիայում քրիստոնյա բնակչության ոչնչացման ընդհանուր ծրագրի բաղկացուցիչ մաս: Խստորեն քննադատել է գերմանական կառավարությանը, որը պաշտպանում և խրախուսում էր երիտթուրքերի հանցավոր գործողությունները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել հայերի ցեղասպանության մեղավորներին դատապարտելու, նրանց Հայաստանի Հանրապետությանը կամ Անտանտին հանձնելու պահանջով, որպեսզի տրվեն միջազգային ատյանին:
Ռ. Սահակյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am