ՄԵԼՍՈՆ (Melson) Ռոբերտ (ծնվել է 1937թ.-ին), ամերիկյան գիտնական-քաղաքագետ: Պարդյուի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր: Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերվում են էթնիկ եւ ռասայական միջադեպերին, ներառյալ՝ ցեղասպանությանը: «1894-96թթ. հայերի ջարդի տեսական ուսումնասիրությունը» (1982), «Սադրանք թե ազգայնականություն. 1915 թ. հայերի ցեղասպանության տեսական վերլուծություն» (1986), «1915 թ. հայկական ցեղասպանության պատճառների մասին» (1989) աշխատությունները նվիրված են Թուրքիայում հայերի ցեղասպանությանը: Մելսոնը, ուսումնասիրելով հայերի ցեղասպանության պատճառները, գտնում է, որ անհիմն է այն տեսակետը, ըստ որի, իբր, ցեղասպանությունը սադրել են իրենք հայերը՝ ձգտելով քայքայել Օսմանյան կայսրությունը եւ դրանով իսկ դարձել մահացու սպառնալիք թուրքերի համար: Մելսոնը ցույս է տվել, որ հայ քաղաքական կուսակցությունները համագործակցել են երիտթուրքերի հետ, որ հայերը ընդամենը ցանկացել են ունենալ ավելի լայն ինքնավարություն իրենց ներքին կյանքում, երաշխիքներ իրենց անվտանգության: Մինչդեռ, գալով իշխանության գլուխ, երիտթուրքերը օսմանականությունը փոխարինել են նեղ թուրքական ազգայնամոլության: Մոլի ազգայնականներ Թալեաթը, Էնվերը և ուրիշներ ձգտում էին ստեղծել նոր կայսրություն` ներառելով Կովկասը եւ Միջին Ասիան: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ հայերը, Թուրքիայում մեծաքանակ քրիստոնյա ազգը, դիտվեցին որպես թուրքիայի ավանդական թշնամու՝ Ռուսաստանի աջակիցներ: Մելսոնի կարծիքով, այս գործերն էին պատճառը, որ հայերը դարձան երիտթուրքերի անկարողության «քավության նոխազ»: Մելսոնը համեմատել է հայերի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականների կողմից իրագործված հրեաների ցեղասպանությունը, բացահայտել նրանց միջեւ տարբերությունները:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am