«Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն: Հիմնվել է 1889-ի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով: Նպատակը 1876-ի սահմանադրության վերանորոգումն էր և պառլամենտի գումարումը: Ավելի ուշ վերանվանվել է «Միություն և առաջադիմություն օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ: Հիմնադիրներն էին Աբդուլահ Ջևդեթը, Իսահակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը: Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման: 1897-ին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները: Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ Երկրորդի վարչակարգը: 1902-ին, Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի, Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների: Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են ուժերը սուլթանի դեմ պայքարում: Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմ. ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերի եվրոպական տերությունների միջամտության դեմ, ագիտացիա արել բանակում և այլն: 1908-ին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ: 1908-ի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը: Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաէդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուր. Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն: Լինելով պանթյուքիզմի մոլի ջատագովներ՝ նրանց պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացում (1908-18) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911-ին` Տրիպոլիտանական, 1912-13-ին՝ Բալկանյան, 1914-18-ին՝ առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am