ՄՈՐԳԵՆԹԱՈՒ (Morgenthau) Հենրի (1856-1946 թթ.), ամերիկյան դիվանագետ: Կրթությամբ՝ իրավաբան: 1913-16-ին՝ ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո ներկայացնում էր նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Բելգիայի շահերը այդ երկրում: Մերձավոր արևելքում օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) փոխնախագահն էր: Երբ Ամերիկայի հյուպատոսների բազմաթիվ զեկուցագրերից հայտնի դարձավ, որ արևմտահայերի տեղահանության իսկական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպում ունեցավ երիտթուրք պարագլուխներ Թալեաթի և Էնվերի հետ՝ ապարդյուն փորձելով կանխել հայերի արտաքսումն ու կոտորածը: Իր հուշերում Մորգենթաուն առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը, որոնք գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսների զեկույցների հիման վրա: Նրա «Հայկական ջարդերի առթիվ (1918)» (1918), «Հայաստանը կանչում է» (1918), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Բոսֆորի գաղտնիքների 1913-1916» (1918), «Դեսպան Մորգենթաուի հուշերը» (1919) գրքերը կարևոր են ու արժանահավատ վկայություններ են պարունակում Արևմտահայության Մեծ եղեռնի մասին: Մորգենթաուն գտնում էր, որ երիտթուրք կառավարությունը նախօրոք էր ծրագրել Թուրքիայի հայության բնաջնջումը: Նա մերժել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության թուրքական վարկածը և փաստերով ապացուցել է, որ երիտթուրք պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր: Մորգենթաուն դատապարտել է Եվրոպական տերությունների անտարբեր դիրքորոշումը հայկական հալածանքների հարցում,ինչն էլ իր հերթին խրախուսեց թուրք ջարդարարներին:
Ա. Կիրակոսյան
Memories suivis de documents inedas du Department d'Etet , preface , de Gerard Chaliant , P.1984.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am