Մոսկվայի պայմանագիր 1921. խորհրդաթուրքական պայմանագիր բարեկամության և եղբայրության: Ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից hետո (տե՛ս Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ 1920, 1921): Խորհրդ. Ռուսաստանի կողմից պայ­մանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից ե 3 հավելվածից:

1-ին հողվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքո­րեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջ­պետական որևէ այլ ակտեր, եթե պայ­մանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանա­գիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)». 1972, էջ 500): Խորհրդ. կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշ­տության պայմանագրի դեմ, որը Թուր­քիան ցանկանում էր չեղյալ հայտարա­րել: Պայմանագրի 1-ին հոդվածի վեր­ջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վե­րաբերում էին սահմանների հարցին: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հարավային մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատ­վում և որպես ինքնավար տարածք Խորհրդ. Ադրբեջանի պետական ինքնիշխա­նությանն էր անցնում Նախիջևանի գա­վառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զի­ջի երրորդ պետությանը (հոդվ. 3): Խորհրդային հանրապետությունների ներ­քին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րդ հոդվածը, որտեղ աս­վում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմա­նով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով առանց մաքսի տրանզիտի իրա­վունք: Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաս­տանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետություննե­րի դժգոհությունը: Այդ պատճառով պայմանագրի 15-րդ հոդվածով նախա­տեսվում էր, որ «Ռուսաստանը պար­տավորվում է Անդրկովկասյան հանրա­պետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետու­թյունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատ­ճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց» (նույն տեղում, էջ 504): Պայմանագրի մնացած հոդվածների համաձայն կողմերը ճանաչում էին Արևելքի ժողովուրղների ազատության և ան­կախության իրավունքը, համաձայն­վում էին Սև ծովի և նեղուցների մի­ջազգային ստատուտի վերջնական մշա­կումը հանձնել ափամերձ պետություն­ների ապագա կոնֆերանսին (հոդվ. 5), ընդունում էին, որ երկու երկրների միջև մինչ այդ կնքված պայմանագրե­րը կորցրել են իրենց ուժը, իսկ Խորհրդային Ռուսաստանը «Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուր­քիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից» (հոդվ. 6): Ուժը կորցրած էր համարվում կա­պիտուլյացիաների ռեժիմը (հոդվ. 7), կողմերը պարտավորվում էին «իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերի­տորիայի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն (հոդվ. 8)»:

Մոսկվայի պայմանագրով թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստո­րագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդ. Ռուսաստանի ղեկավարու­թյունն ամեն կերպ աջակցում էր քե­մալալական Թուրքիային նրա, այսպես կոչ­ված, հակաիմպերիալիստական պայքա­րում՝ անտեսելով Հայաստանի նկատ­մամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստա­նին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները (հոդվ. 15)՝ խորհրդային կառավարությունը ակտիվո­րեն մասնակցեց Թուրքիայի և Անդր­կովկասի խորհրդային հանրապետու­թյունների միջև պայմանագրի նախա­պատրաստմանը (տե՛ս Կարսի պայմա­նագիր 1921):

է. Զոհրաբյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.: 

Ձոհրաբյան է.Ա, «Սովետական Ռուսաս­տանը և հայ-թուրքական հարաբերություններ 1920-1922թթ.», Ե„ 1979:

Кузнецова С. И., ,,Установление советско-турецких отношений’’, М., 1961;

X е й ф е ц А. Н., Советски дипломатия и нарсцы Востока. 1921-1927, М., 1968: ,,История внешней политики СССР. 1917- 1945гг, 5 изд., перераб. И доп., М. 1986.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am