ՄՈՒՐԱԴ ՍԵԲԱՍՏԱՑԻ (Խրիմյան Մուրադ, Հակոբյան Մուրադ) [1874 թ., գ. Կովտուն (Սեբաստիայի նահանգում) – 1918 թ., Բաքու], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: 1890-ական թթ. հնչակյան, այնուհետև՝ ՀՀԴ կուսակցության անդամ: 1903 թ. Թորգոմի «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն, 1904 թ. ինքնապաշտպանության ղեկավարներից: Գելիեգուզանի անկումից հետո (1904 թ. ապրիլի 22), ճեղքելով պաշարման շղթան, հասել է Վան, որտեղից ռազմամթերք է հասցրել Սասուն: Օգոստոսին Սասունի կռվող ուժերի հետ նահանջել է Վան և անցել Կովկաս: 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Զանգեգուրում կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո եկել է Տարոն, ապա մեկնել Սեբաստիա (ծննդավայրը)՝ մինչև 1915 թ.: Մեծ եղեռնի օրերին ապաստանել է (խմբով) լեռներում, ապա հասել Սամսուն, հաղթահարելով մեծ դժվարություններ՝ անցել Բաթում: 1916 թ. Երզնկայում Սեպուհի հետ ձեռնարկել է «Մեկ հայ մեկ ոսկի» հիմնադրամը:
1918 թ., Կովկասյան ռուսական ճակատի քայքայումից հետո, գլխավորել է Երզնկայի մարտերը, կազմակերպել տեղի հայության գաղթ-նահանջը: Մեկնելով Բաքու՝ մասնակցել է 1918-ի ինքնապաշտպանական կռիվներին և զոհվել:
Ա. Ներսիսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am