ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ (Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի) [1913, Սիվրիհիսար (Թուրքիայում ) - 1990, Բեյրութ]. գրող, մշակութային գործիչ: 1915-ին Մուշեղ Իշխանի ընտանիքը աքսորվել է Դեյր Էզ Զոր, 1923-ին` հաստատվել Դամասկոսում: Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, ապա՝ Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանը (ուր հետագայում հայ գրականություն է դասավանդել): Բրյուսելի համալսարանում հետևել է մանկավարժության և գրականության դասընթացների: 1941-51-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ): Հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուները («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կյանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք », 1969 և այլն), վեպերը («Հացի և լույսի համար», 1951, «Հացի և սիրո համար»,1956, «Մնաս բարով մանկություն», 1974 և այլն), թատերախաղերը («Մեռնիլը որքան դժվար է», 1971, «Սառնարանեն ելած մարդը», 1976 և այլն), նաև «Արդի հայ գրականություն» (h.1-3, 1973-75) աշխատությունը: Մուշեղ Իշխանի ստեղծագործության թեման հայրենիքից կտրված տարագիր հայն է ուծացման վտանգի դեմ իր պայքարով, հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային գաղափարների կենսագործման:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am