Քեմալ Մուստաֆա (1881-1938թթ.), թուրք պետական, քաղաքական և ռազմական գործիչ: Ստացել է զինվորական կրթություն: Մասնակցել է 1908թ-ի երիտթուրքական հեղաշրջմանը, 1911-1912թթ-ի թուրք-իտալական պատերազմին, 1912-1913թթ-ի Բալկանյան պատերազմներին: Առաջին աշխարհամարտի ժամանակ գլխավորել է կորպուս, ապա՝բանակ Կովկասյան ճակատում և Պաղեստինում: Օսմանյան կայսրության պարտությունից հետո, Թուրքիայի կենտրոնում և Արևմտյան  Հայաստանի տարածքում, Քեմալը Կովկասյան ճակատի զորքերի մնացուկներից և գյուղացիական զինված ջոկատներից ստեղծել է «ազգային ուժեր» և գլխավորել ազգայնական շարժումը, որն արևմուտքում ուղղված էր Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Շարժման ծրագիրը մշակվել է Կարինի և Սեբաստիայի  կոնգրեսներում (1919թ.): Քեմալական շարժման նպատակը Թուրքիայի ամբողջականության պահպանումն էր: Սկզբից ևեթ Քեմալը հայտարարել է այն մասին, որ «Թուրքիան Հայաստանին չի զիջի ոչ մի թիզ» և «վճռական պայքար կմղի ամեն մի շարժման դեմ, որի նպատակը կլինի անկախ Հայաստանի ստեղծումը»: 1920թ-ի ապրիլի 23-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի բացման օրը, Քեմալը հայտարարել է. «Թուրքիայի սահմանները պետք է ընդգրկեն Կարսը,  Բաթումը, Արդահանը՝ Կովկասում, Մոսուլը և Դիարբեքիրը՝ Միջագետքում»: Հայաստանի Հանրապետության հետ պատերազմի առնչությամբ Քեմալը հայտարարել է. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը»: Հայաստանի Հանրապետության զավթած տարածքներում քեմալական զորքերը (որոնց գործողություններին նպաստեցին հայ բոլշևիկները՝ կազմալուծելով հայկական ուժեղ բանակը) զանգվածաբար կոտորեցին հայ բնակչությանը, թալանեցին գյուղերն ու քաղաքները, Թուրքիա տարան տեխնիկան ու սարքավորումները: Քեմալը շարունակեց երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը Արևելյան Հայաստանում: Քեմալականների այդ գործողություններին աջակցեց Խորհրդային Ռուսաստանը, որը թուրքական արշավանքի նախօրեին ճանաչել էր քեմալական կառավարությունը և ռազմական զգալի օգնություն ցույց տվել նրան: Խորհրդա-թուրքական մերձեցումն առավել սերտացավ 1921թ-ին: Խորհրդա-թուրքական բանակցությունների հետևանքով 1921թ-ի մարտի 16-ին կնքվեց խորհրդա-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիան և Ադրբեջանը հայկական հոդերի հաշվին ստացան ընդարձակ տարածքներ:

Քեմալին խորհրդային և որոշ պետությունների աջակցության շնորհիվ թուրքական զորքերը պարտության մատնեցին նաև Հունաստանին. դրա հետևանքով Թուրքիան կարողացավ ի չիք դարձնել 1921թ-ի Սևրի հաշտության պայմանագիրը:

1923թ-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն. Քեմալն ընտրվեց նախագահ (վերընտրվել է 1927թ., 1931թ., 1935թ.): Արտաքին քաղաքականության մեջ Քեմալը հայտարարելով ԽԱՀՄ-ի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու իր ձգտման մասին, իրականում, մերձեցել է արևմտյան երկրներին և ԱՄՆ-ին: Հայկական հարցում Քեմալի դիրքորոշումը մնացել է նույնը՝ հակահայկական:

 

Ե. Սարգսյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am