Նանսեն (Nansen) Ֆրիտյոֆ (1861-1930 թթ.): Նորվեգացի գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, հումանիստ, հասարակական գործիչ: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) ավարտից հետո որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար Նանսենը զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով: Օգնություն է կազմակերպել Պովոլժիեի սովյալներին (1921 թ.): Նանսենի հասարակական գործունեության կարևոր մասն Է կազմել հայ ժողովրդին օգնելու համար կատարած աշխատանքը: Նա խստագույնս դատապարտել է Աբդուլ Համիդ ll-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը, շեշտել, որ թուրքական վայրագություններն իրենց չափերով ու դաժանությամբ հավասարը չունեն պատմության մեջ: Զբաղվելով գաղթականների խնդրով` Նանսենը մեծ օգնություն է ցույց տվել նրանց, բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր», ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց դրությունը: Հանդես Է եկել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու համար պայմանների ստեղծման օգտին, գլխավորել հայրենադարձության հանձնաժողովը (1925-29 թթ.): Հարցի ուսումնասիրման ու նախապատրաստման նպատակով Նանսենը իր հանձնաժողովով 1925 թվականի հունիսին ժամանել է Երևան: Եղել է հանրապետության շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները: Վերադառնալով ժնև՝ Ազգերի լիգային է ներկայացրել զեկուցագիր Խորհրդային Հայաստան կատարած այցելության արդյունքների մասին՝ նշելով, որ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու դեպքում կարող է տեղավորել 25-30 հզ. գաղթականներ: Նանսենը, համոզվելով, որ Ազգերի լիգան դանդաղում և չի վճռում հայ գաղթականության հայրենադարձման հարցը, ինքը մարդասիրական ուղիներով հայթայթել է անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7000 հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման գործին: Հայ ժողովրդի պատմությանը և Հայաստանին  նվիրել է բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ: 1927 թ. Նորվեգիայում հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» խորագրով, և գերմաներեն՝ «Խաբված ժողովուրդը» վերտառությամբ, որտեղ հեղինակը մեղադրել է հայասպանության հանցավորներին՝ ինչպես թուրք ջարդարարներին, այնպես էլ արևմտյան տերություններին, որոնք հայ ժողովրդին ներքաշեցին իրենց քաղաքականության հորձանուտը: Հումանիստական գործունեության համար Նանսենին շնորհվել է նոբելյան մրցանակ (1922 թ.): Երևանում կա Նանսենի անվան փողոց: Սպիտակ քաղաքում՝ «Նորվեգական գյուղի» տարածքում, որը կառուցել են նորվեգացիները 1988 թ. կործանիչ երկրաշարժից հետո, կանգնեցված է հուշարձան Նանսենին:

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996:

Նանսեն Ֆ., «Հայաստան և Մերձավոր Արևելք», Բեյրութ, 1956:

Արզումանյան Մ., «Նանսենը և Հայաստանը», Երևան, 1966: 

Xейер Л., Нансен - Книга об отце, 2 изд. Л., 1936.

Էգգե Բ., Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, Երևան, 2003 թ.:

 

 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am