ՆԱԶԱՐԲԵԿՈՎ (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855-1931 թթ., Թիֆլիս), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր (1915 թ.): Ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան (1874 թ.), Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1876 թ.): Մասնակցել է 1877-78 թթ. ռուս-թուրքական, 1904-05 թթ. ռուս-ճապոնական պատերազմներին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել բրիգադի, ապա՝ 2-րդ կովկասյան հրաձգային դիվիզիայի հրամանատար: Նազարբեկովի դիվիզիայում է գործել Անդրանիկի հայկական կամավորական 1-ին ջոկատը: 1915 թ. ապրիլին Նազարբեկովի գլխավորած զորամասերը Դիլմանի մոտ ջախջախել են Խալիլ բեյի թուրքական կորպուսը: 1916 թ. նշանակվել է Վան-Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917 թ.՝ Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար: Նազարբեկովի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում կանգնեցրին թուրք զորքերի առաջխաղացումը (տե՛ս Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918 թ., Բաշ Ապարանի ճակատամարտ 1918 թ., Սարդարապատի ճակատամարտ 1918 թ.): Հայաստանի Հանրապետության (1918-20 թթ.) օրոք, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, Նազարբեկովը շարունակել է ռազմական ծառայությունը՝ նպատակ ունենալով ստեղծել կանոնավոր բանակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո աքսորվել է (1921 թ.), ներումից հետո հաստատվել է Թիֆլիսում: Գրել է հուշեր 1914-18 թթ. Կովկասյան ռազմաճակատի գործողությունների մասին (անտիպ):

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am