ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Համո (Համազասպ, կուսակցական անունը՝ Մհեր Մհերյան) (1873թ.,Ախալքալաք-1947թ., Կահիրե), քաղաքական, պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, սովորել ՄՊՀ (Մոսկվայի պետական համալսարան) բժշկական ֆակուլտետում (հեռացվել է ուսանողական շարժումներին մասնակցելու համար), 1899թ-ին ավարտել է Լոզանի բժշկական ինստիտուտը: Այդ տարիներին ժնևում ծավալել է հեղափոխական կուսակցական աշխատանք հայ ուսանողների շրջանում, աջակցել Ք. Միքայելյանին: 1902թ-ից որպես բժիշկ աշխատել է Թիֆլիսում, Բաքվում: 1905թ-ին ռուսական հեղափոխության ժամանակ, ղեկավարել է արտաքին կուսակցական կապերը ռուսական հեղափոխական կուսակցությունների հետ: Պաշտպանել է գործունեության «կովկասյան նախագիծը», որը նախատեսում էր հեղափոխական գործունեություն ցարական կառավարության դեմ՝ հրաժարվելով Թուրքիայում ագգային-ագատագրական շարժումից: 1908թ-ին ցարական իշխանությունները ձերբակալել են Օհանջանյանին, բանտարկել, աքսորել Սիբիր (1913-1915թթ., Իրկուտսկի մարզ): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ներումով վերադարձել է Թիֆլիս, որպես բժիշկ գործել Կովկասյան ռազմաճակատում: Բժշկական օգնություն է կազմակերպել Վանում:

1917թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ Համառուսաստանյան սահմանադիր ժողովի պատգամավոր: 1918թ-ին գործել է Անդրկովկասյան սեյմում: 1918թ-ին՝ Գերմանիա (Բեռլին) ուղարկված Հայոց ազգային խորհրդի պատվիրակության անդամ: 1919թ-ի նոյեմբերին՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Փարիզի հաշտության կոնֆերանսում: 1920թ-ի սկզբից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (Ա. Խատիսյանի կառավարության կազմում), ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտաքին գործերի նախարար: Նրա օրոք է կնքվել Սևրի հաշտության պայմանագիրը (1920թ.), որով դե յուրե ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, բանտարկվել: Ազատվել է 1921թ-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության օրերին: Հետագայում՝ վտարանդի, ապրել է (1923թ-ից) Կահիրեում, զբաղվել բժշկությամբ և հասարակական գործունեությամբ: Համազգային մշակութային և կրթական ընկերակցության հիմնադիրներից: Գրել է գիտական հոդվածներՄոհիկաններից վերջինը», 1925թ., «Բոլորիս սիրելին», 1935թ., «Գաղափարապաշտության հանգրվանները վերջին դարերու ընթացքին», 1941թ., «Հայ պետական մարդը», 1945թ., «Մեր բժիշկը», 1946թ. և այլն):

Ե. Գասպարյան

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am