ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում:
Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ոուսական զորքերի կողմից ազատագրման հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին: 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը): Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արևմտյան Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց: Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Սեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին: Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային: Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար. Բ. դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արևմտյան Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին:
Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
Լեո, «Հայոց հարցի վավերագրերը», Թ., 1915, էջ 45-133:
«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքակա-նության փաստաթղթերում (1828-1923)», Ե., 1972, էջ 83-105:
Կիրակոսյան Ջ., «Բուրժուական դիվա¬նագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ )», Ե. 1978:
,,История дипломатии՛՛, т. 2, 2 изд., М., 1963;.
Борьян Б., Армения. Международная дипломатия и СССР, ч. I, М., Л., 1928, с. 226-245.
Le'art М., ,,La question arme'nienne a' la Iumiere des documents'', P., 1913.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am