Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սարդարապատի ճակատամարտ 1918թ.

 Սարդարապատի ճակատամարտ 1918, տեղի Է ունեցել մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արմևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած (1917-ի դեկտեմբերի 5) Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեն. Նազարբեկով (Նազարբեկյան)], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեն. Արեշյան, գեն. Մովսես Սիլիկով, գեն Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը:

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա (տե՛ս Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918), մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց (40 հրանոթ): Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեն. Ս. Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Սակուի հետևակային գումարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդ. Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը (տե՛ս Բաշ Ապարանի ճակատամարտ 1918) Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը:

Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ՝ Արմավիրի շրջ գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդ. Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ՝ էջմիածնի շրջ. գ. Արշալույս) և Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմավիրի շրջ. գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խաճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդ. Կ. Հասան փաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, երկու էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ], որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ: ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով: Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր:

Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը:

Ե. Սարգսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 

Սարգսյան Ե. Ղ, «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ», Ե., 1964: 

Թուրշյան Հ., «Սարդարապատի հերոսամարտը», Ե., 1969: 

Հարությունյան Ա. Հ., «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները», Ե., 1984: 

Աֆանասյան Ս., «Սարդարապատի հաղթանակը», 1991: 

 

Баграмян И. X, Мои воспоминания, Е. 1979.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am