Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սասունի ապստամբություն (1904թ.)

 ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1904: Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ: Հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությանը 1904-ին Սասունի դեմ խոշոր արշավանք է ձեռնարկել: 1904-ի գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն՝ ջախջախվել: Դրանից հետո թուրքական (10 հազարանոց) և քրդական (5 հազարանոց) զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից, Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայրը (Ա. Ղազարյան): Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հ. Կոտոյանը, Սեբաստացի Սուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գ. շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչներ կուտակվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի: Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել Է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքական ջարդարարները կոտորել են մոտ 8 հզ. հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն: Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից:

 

Հ. Պողոսյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Թառոյան Կ., <<Ժողովրդական շարժումները Սասունում. 1890-1894>>, Ե., 1966:

Саркисян Е. К. ,, Политика османского правительства в западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., 1972.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am