Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սումգայիթի ցեղասպանություն

 Սումգայիթի ցեղասպանություն, Սումգայիթի հայ բնակչության եղեռնը և զանգվածային տեղահանությունը իրականացրել են Ադրբեջանի կառավարող շրջանները 1988թ-ի փետրվարի 27-29-ին: Հանցագործության նպատակն էր կանխել Ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր լուծումը, հայերին ահաբեկել նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և հարկադրել հրաժարվելու Արցախի ազգային-ազատագրական պայքարից: Ջարդերի նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ: Փետրվարի 26-ին, դեպքերից մեկ օր առաջ, Մ. Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ մտավախություն էր հայտնել Բաքվում ապրող շուրջ 200 հզ. հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Սումգայիթում կրքերը բորբոքելու  համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն: Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակած Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը: Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք: Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակած սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), նախճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը: Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն: Ոճրագործության ժամանակ ադրբեջանցիների պահվածքը երկակի էր. մի մասը պատսպարել ու թաքցրել են իրենց հայ հարևաններին՝ դրանով փրկելով նրանցից  շատերի կյանքը, մյուսներն ընդհակառակը՝ շատ դեպքերում  ուղղակի հրահրել են ամբոխին կամ մատնել հայերի թաքստոցների տեղերը: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողություններն անօրինակ դաժան. մի քանի տասնյակից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հարյուրավոր վիրավորներ, բազմաթիվ բռնաբարվածներ (մեծ թվով անչափահասներ), 18 հզ. փախստականներ, հայերի ավելի քան 200 ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն: Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները: Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին: Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը: Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել մի այն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել: Մնացածին  ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում: Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել: Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել: Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկման ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ մարմինների աշխատակիցները: Սումգայիթի ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի». Առաքելյան Արտաշ Լևոնի, Առուշանյան Ռազմելա Աթանեսի, Առուշանյան Վլադիմիր Հովհաննեսի, Ավագյան Լոլա Պավելի, Ավագ յան Յուրի Բագրա տի, Ավանեսյան Ալբերտ Մանվելի, Ավանեսյան Վալերի Մանվելի, Արամյան Արթուր Արմո յի, Արամյան Արմո Աշոտի, Բաբայան Արշակ Ասլանի, Բաբայան Ելենա Մարկոսի, Գրի գորյան Էմմա Շիրինի, Դանիելյան Նիկոլայ Արտեմի, Դանիել յան Սեդա Հովսեփի, Թով մասյան Ռաֆիկ Համբարձումի, Համբարձումյան Միշա Արսենի, Ղամբարյան Ալեք սանդր Ալեքսանդրի, Մարտիրոսով Գարի Արտեմի, Մել քումյան Էդուարդ Սողոմո նի, Մել քում յան Իգոր Սողոմոնի, Մել քումյան Իրինա Սողոմոնի, Մելքումյան Ռայիսա Ար սենի, Մել քումյան Սողոմոն Մարգարի, Մել քում յան Փիրուզա Առաքելի, Մովսեսովա Հերսիլյա Բախշիի, Սարգսյան Շահեն Գերասիմի, Տրդատով Գաբրիել Արամի, Առկա տե ղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից: Զոհերի պաշտոնական թվի շուրջ ավելի ուշ իրկասկածներն է հայտնել նաև ԽՍՀՄ  Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովը: Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից  մազապուրծ եղած հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը: 1988-ի մարտի 8-ին Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան (գործ՝ Ա. Հակոբյանի), Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի (Ծիծեռնակաբերդ, Երևան) մոտ տեղադրված է խաչքար:

Հ. Դեմոյան

 

 Գրականության ցանկ
 
«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994»,                                  հանրագիտարան, Երևան, 2004թ.
 
Сумгаит?... Геницид?... Гласность?..., Е., 1989, 1990.

Рижков Н., Перстройка: История предательсмв, М., ИПЛ. 1992.

Donald E. Miler, Lorna Touryan Miler, Armenia, Portraits of Survival and Hope, University of California Press, Berkeley; Los Angeles 2003.

Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War, New York University Press, NY, 2003.

Sumgait Tragdy: Pogroms against Armenians in Soviet Azerbaijan, Volume I, Eyewitness Accounts, Eedited by Samvel Shahmuratian, Aristede D. Caratzas & Zoryan Institute, New York & Cambridge, 1990.
 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am