Մեհմեդ Թալեաթ (Mehmed Talaat). Թալաաթ փաշա (1874-1921 թթ.), թուրք պետական գործիչ, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ: Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից: 1908 թ.-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է մեջլիսի պատգամավոր, հետագայում եղել Օսմանյան կայսրության ներքին գործերի, փոստի և հեռագրության նախարար: Բալկանյան պատերազմների (1912-13) ժամանակ ծառայել է բանակում: 1913-ի հունվարի 23-ին պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից: Հեղաշրջումից հետո՝ դարձյալ ներքին գործերի նախարար և միաժամանակ՝ երիտթուրքական կուսակցության ԿԿ նախագահ: Օսմանյան կայսրության ոչ թուրք ժոդովուրդների ձուլման և բռնի թրքացման կողմնակից: Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, էնվեր, Ջեմալ) անդամ: Իր հուշերում (լույս են տեսել 1946-ին) Թալեաթը խոստովանել է հայերի բռնի տեղահանման և բնաջնջման փաստը, սակայն դա բացատրել է բացառապես թուրքերի «ազգային շահերի» պաշտպանությամբ և «Ռուսաստանին սահմանակից վիլայեթներում Հայկական պետության ստեղծմանը» խոչընդոտելու ձգտումով: 1918-ի հոկտեմբերի 7-ին Թալեաթն ընդունել է երիտթուրքերի քաղաքականության ձախողումը, հրաժարվել իշխանությունից և փախել Գերմանիա: Հեռակա կարգով մահվան է դատապարտվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպիչ (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20): 1921 թ.-ին Թալեաթին Բեռլինում սպանել է ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանր:
Մ. Բոջոլյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.
Դատավարություն Թալեաթ փաշայի, Վնն, 1921:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am