Թեհլիրյան Սողոմոն Խաչատուրի [1896 թ., գ. Ներքին Բագառիճ (Էրզրումի նահանգի Դարանաղ գավառում)- 1960 թ., Սան Ֆրանցիսկո], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ժողովրդական վրիժառու: 1912 թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը: Ուսումը շարունակելու նպատակով 1913 թ. մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մտել է գործող բանակ, կռվել Անդրանիկի գնդում: 1918 թ., մարտում վիրավորվելով, տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Հյուսիսային Կովկաս: 1919 թ. մեկնել է Ստամբուլ: Զինվորագրվել է «Նեմեսիս» գործողության իրականացմանը: 1919-20 թթ. երիտթուրքերի դատավարությունն ավարտվել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթին հեռակա մահվան դատապարտելու վճռով: Պատիժը իրագործելու նպատակով Թեհլիրյանը, անպատիժ մնացած Թալեաթին հետևելով, անցել է մի շարք երկրներ և, վերջապես, 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սպանել նրան: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թեհլիրյանին, իսկ գերմանական մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմանացի դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկական կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:
Վերհիշումներ (Թալեաթի ահաբեկումը), Կահիրե, 1956:
Դատավարության Թալեաթ փաշայի: Սղագրական զեկուցում, Վնն., 1921:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am