ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ Փանոս Պողոսի (1865, Վան - 1941, Երևան), նկարիչ, ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935): Մասնագիտական կրթությունն ստացել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1895-97) և Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1899-1904): Սուլթան Համիդ II-ի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար թուրքական կառավարությունը հետապնդել և հեռակա դատել է նրան: Պատժից խուսափելու համար (1895-ին) մեկնելէ Թիֆլիս: Թուրքական կառավարության պահանջով ցարական ոստիկանությունը Թերլեմեզյանին ձերբակալել է և աքսորել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ (1898): 1910-12-ին ապրել է Կ. Պոլսում, ապա՝ Վանում: Եղել է 1915-ի Վանի հերոսամարտի ղեկավարներից: 1915-ին գաղթել է Անդրկովկաս:

Հայ ժողովրդի զանգվածային ջարդերն իրենց արտացոլումն են գտել Թերլեմեզյանի արվեստում: 1904-ին Փարիզում բացված արևելագետների հատուկ ցուցահանդեսին Թերլեմեզյանը ներկայացրել է «Հայ գաղթականը» նկարը: Փարիզյան շրջանին են վերաբերում նաև «Հայկական կոտորածը», «Պատերազմի արհավիրքը», «Հայ գաղթականները լուսնյակ գիշերին ողբում են իրենց հայրենիքը»՝ ժողովրդի լուռ ցավի ընդհանրական մեծ ուժով օժտված էսքիզները: Էջմիածնում կուտակված հազարավոր բնավեր, աստանդական դարձած գաղթականների թշվառ վիճակն է արտացոլված «Հայ գաղթականների աշնանային երգը» անավարտ պատկերում: Բնօրրանը կորցրած անտունիների այդ սգավոր երգը իր իսկ նկարչի հոգու մորմոքն է՝ անդարձ, հեռվում մնացած հայրենի եզերքի համար: Թեմատիկ կտավների կողքին մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կոմիտասի (1913), Սողոմոն Թեհլերյանի (1923) և Անդրանիկ զորավարի (1925) դիմանկարները:

Լ. Չուգասզյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am