ԹՈՒՄԱՆՅԱՆ Հովհաննես [1869 թ., գ. Դսեղ (ՀՀ Թումանյանի շրջանում) - 1923, Մոսկվա], բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայկական հարցը, արևմտահայության տառապանքների և ազգային-ազատագրական պայքարի խնդիրները Թումանյանի ստեղծագործության մեջ արտացոլում են գտել շատ վաղ, սկսած 1880-ական թթ. գրած առաջին բանաստեղծություններից: «Մեհրի» պոեմում (1890 թ.) բանաստեղծը պատկերել է Թուրքիայում հայերի կյանքի այնպիսի ամենօրյա երևույթներ, ինչպես ջարդերը, առևանգումները, գաղթականությունը: Արևմտահայության կյանքին է նվիրված նաև մեկ այլ պոեմ՝ «Հին կռիվը», որը բանաստեղծն ավարտել է XX դ. սկզբին: Բայց այդ պոեմի հինգ մասերից պահպանվել են միայն երկուսը, մյուսները կորել են Թումանյանի բնակարանում 1911-ին ցարական ոստիկանության կատարած խուզարկության ժամանակ: Պահպանված հատվածները վկայում են, որ Թումանյանը կերտել է մեծ ընդգրկումների մի ստեղծագործություն, որի մեջ պիտի երևային հայ ժողովրդի տառապանքների, պայքարի և հույսերի լայն համայնապատկերը, նրա պատմության փիլիսոփայությունը: Արտահայտելով XIX դ. վերջին հայերի զանգվածային ջարդերի առաջացրած ողբերգական տրամադրությունները՝ Թումանյանը գրել է.

Ու հոսում, հոսում, հոսում է անմեղ

Արյուն-արցունքը տարաբախտ ազգի,

Հոսում ամեն օր, հոսում ամեն տեղ,

Եվ դեռ սոսկալին չի եղել իսկի…

Եվ ահա մենակ, խոցվատ ու ցավոտ

Թե մարմնով տանջված՝ հոգով առավել,

Մենք միտք ենք անում մինչև առավոտ,

-Տե՜ր ամենագետ, մենք ի՞նչ ենք արել…

Հայրենիքի ճակատագրին նվիրված բազմաթիվ քնարական բանաստեղծություններում Թումանյանը իր ամբողջ էությամբ վերապրել է «հայոց վիշտը՝ անհուն մի ծով, խավար մի ծով ահագին»: Թումանյանի հայրենասիրական երկերը, որոնց լավագույն մասը ամփոփվել է 1916-ին լույս տեսած «Հայրենիքիս հետ» գրքում, անհատականի և համազգայինի անխզելի միաձուլման լավագույն նմուշներն են:

Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում լայն արձագանք են գտել նաև Թումանյանի հրապարակախոսության մեջ: Իր ժամանակի քաղաքական իրադարձությունները նա միշտ գնահատել է անցյալի պատմական փորձի և ազգի ապագա զարգացման հեռանկարների լույսի ներքո: Այդ հարցերին են նվիրված 1910-ական թթ. սկզբին գրած մի շարք հոդվածներ («Երեկվան պատմությունը և այսօրվան իրականությունը», «Ահա թե ինչու», «Հայկական հարցն ու իր լուծումը» ևն), ինչպես նաև Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի պատմական հիմքերին նվիրված ուսումնասիրությունը: «Հայկական հարցը, - գրում էր Թումանյանը, - վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է, նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է» (Թումանյան Հ., Երկ. ժող., հ. 4, 1951, էջ 230): Միակ իրական ուժը, որն ընդունակ է եղել հաղթահարել պարսկական, ապա նաև թուրքական բռնապետությունը և օգնության ձեռք մեկնել հայությանը, եղել և մնում է ռուսական պետականությունը, նշել է Թումանյանը: Նրա համոզմամբ՝ «ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բոնում են իրար», որովհետև հենց իր ազգային  շահերի ճշմարիտ ըմբռնումով էլ պատմական մեծ հեղաբեկումների ժամանակ «հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ» (նույն տեղում, էջ 215, 235):

Թումանյանի հասարակական գործունեությունը ոգեշնչված էր մարդասիրության և բարեկամության գաղափարներով: Ահա թե ինչու 1905-07-ին բանաստեղծն ակտիվորեն և ինքնամոռաց կերպով է աշխատել, որպեսզի վերջ տրվի ցարիզմի հրահրած հայ-թաթարական արյունոտ ընդհարումներին: Այդ գործունեության համար իշխանությունները երկու անգամ (1908-09 թթ. և 1911-12-ին) ձերբակալել են նրան:

Առաջին համաշխարհային պատերազմի և հայերի եղեռնի տարիներին (1914-18 թթ.) Թումանյանը հայ հասարակական կյանքի կենտրոնական դեմքն էր, նա ղեկավարում էր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին փախստականներին ու որբերին օգնելով, պատերազմի տարիներին հայ ժոդովրդի կրած կորուստները ճշտելով: Երկու անգամ (1914-ի նոյեմբեր-դեկտեմբեր և 1915-ի հունիս) Թումանյանը այցելել է Կովկասյան ռազմաճակատ, եղել ազատագրված Վանում, տեսել «ավերակների և դիակների աշխարհի» սարսափելի պատկերները: Այդ ուղևորությունների ժամանակ կատարած օրագրային գրառումների մեջ դրոշմված են հայերի ցեղասպանության բազմաթիվ հավաստի փաստեր:

Հայ ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության գործը Թումանյանը շարունակել է նաև հետագա տարիներին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա ղեկավարել է Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)՝ ձգտելով համախմբել սփյուռքահայության ուժերն ու միջոցները մայր հայրենիքի վերականգնման համար: Թումանյանը իր կյանքի ուղին ավարտել է այն հաստատ համոզմամբ, որ ժողովուրդը «Հայաստանի ազատ հողի վրա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն է ասելու աշխարհքին» ( նույն տեղում, էջ 432):

Է. Զոբաչյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am