Վանի հերոսամարտ 1915 թ., Վան քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ ապրիլ-մայիսին: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մահմեդական խառնամբոխը դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները: Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ: Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը:
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար, ունեին 505 հրացան և 549 ատրճանակ: Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ: Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա: Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ: Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք: Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ռումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին: Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով: Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ:
Իրավիճակն Այգեստանում ծանր էր, զինամթերքն ու պարենը՝ սուղ: Թաղամասին էին ապավինել նաև մոտ 55 հզ. գաղթականներ: Ջևդեթը, ձգտելով ամեն գնով հաշվեհարդար տեսնել հայերի հետ, համալրել է իր զորքերը, ամբողջ ավարը խոստացել քրդերին՝ հայերի պաշտպանությունը ճեղքելու դեպքում: 500 բիթլիսցի քրդեր գրոհել են հայկական դիրքերը, բայց, հանդիպելով ուժեղ դիմադրության, նահանջել են խուճապահար՝ տալով շատ սպանվածներ:
Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում: Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին՝ Հայկ Կոսոյան, Լևոն Գալճյան, Միհրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Սարգիս Շահինյան, Դավիթ Սարգսյան, Հարություն (Հարո) Ներկարարյան, ինչպես նաև Եզնիկ վարդապետ Ներկարարյան և Միրզախան (ժիրայր) Միրզախանյան կազմով: Հայերն ունեին 101 հրացան և 210 ատրճանակ, սակավ էին զինամթերքն ու պարենը: Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին տվել է 60-70 սպանված: Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ: Մինչև ապրիլի 10-ը թուրքական գրոհները եղել են անկանոն, բայց վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանու աջակցությամբ թշնամին մի քանի օր շարունակ անընդմեջ գրոհել է՝ չհասնելով, սակայն, շոշափելի արդյունքի: Ապրիլի 13-16-ին թուրքերը ակտիվ գործողություններ չեն ծավալել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250-300 արկ: Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24000 հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ:
Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ: Մոտ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում արձակվել է 15000-ից ավելի արկ: Ապանվել է մոտ 1000 թուրք (կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը հաշվի չի առնված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ:
1915 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությանը (Տե՛ս «Վանի ինքնապաշտպանությունը» քարտեզը) հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար:
Ռ. Օ. Սահակյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
Ա-Դո, «Մեծ դեպքերը Վասպուրակաում 1914-1915 թթ.», Երևան, 1917:
Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը, Սոֆիա, 1930:
Հուշեր Արմենակ Եկարյանի, Կահիրե, 1947:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am