ՎԵՐՖԵԼ (Werfel) Ֆրանց Վիկտոր (1890-1945 թթ.), ավստրիացի գրող, հումանիստ: Սովորել է Պրահայի, Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում: 1912-ին, ավստրիական բանակում ծառայելիս, բանտարկվել է՝ երկրում տիրող ռազմամոլության դեմ ելույթների համար: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ապա 1918-ի հեղափոխական իրադարձություններին: Հետագա տարիներին զբաղվել է գրականությամբ: 1938-ին Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից հետո մեկնել է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա, իսկ այնուհետև հաստատվել ԱՄՆ-ում:
Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ: 1910-ական թթ. հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածուներ, որոնցում բացահայտված են հեղինակի մարդասիրական հայացքները, ընդվզումը պատերազմի դեմ: Կիսելով էքսպրեսիոնիստների հասարակական-էթիկական հայացքները՝ հետագայում անցել է ռեալիզմի դիրքերը: Գրել է նաև վեպեր և թատերգություններ:
Վերֆելի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան 40 օրը» (1934) վեպը: Վեպի համար հիմք են ծառայել 1915-ին Սուետիայամ ծավալված իրական դեպքերը, երբ թուրքական ջարդարարները փորձեցին հայաթափել Միջերկրական ծովի ափին գտնվող այդ շրջանը: Հայերը որոշեցին ընդդիմանալ թուրքական իշխանություններին, բարձրանալով Մուսա լեռ՝ կազմակերպեցին ինքնապաշտպանություն, որը տևեց 53 օր (տե՛ս Մուսա լեռան հերոսամարտ 1915): Հեղինակը օգտագործել է ականատեսի վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը և այդ նպատակով մի քանի ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում: Վերֆելը խորապես ընկալել է հայ ժողովրդի տառապանքն ու վիշտը, նրա պայքարի արդարացիությունը և ստեղծել գեղարվեստական մի գործ, որտեղ ժողովրդի ճակատագիրը իմաստավորվել է Մուսա լեռան հերոս պաշտպանների օրինակով: Շատ կարճ ժամանակում վեպը մեծ ժողովրդայնություն է ձեռք բերել, 1934-ին արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին: Նույն թվականին թարգմանվել է անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով, 1935-ին՝ հայերեն, հրատարակվել է ավելի քան 20 լեզուներով: Ֆաշիստական Գերմանիայում այս, ինչպես և Վերֆելի մի շարք այլ ստեղծագործություններ, դասվել են «հակագերմանական ոգու» գործերի շարքը և արգելվել: Վեպի հիման վրա իրականացվել են բեմադրություններ, էկրանահանումներ, իսկ չեխ կոմպոզիտոր Յո. Մատեյը գրել է օպերա:
Մ. Փիրումովա
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am