ՎԻԼՍՈՆ (Wilson) Թոմաս Վուդրո (1856-1924 թթ.), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 38-րդ պրեզիդենտը (1913-21 թթ.) դեմոկրատական կուսակցությունից: Փիլիսոփայության դոկտոր (1886 թ.), Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր (1890-1902 թթ.): Առաջին համաշխարային պատերազմում 1917 թվականից Վիլսոնի կառավարությունը հանդես է եկել Անտանտի կողմում: 1918 թ. հունվարին Վիլսոնը առաջ է քաշել խաղաղության (պացիֆիստական) ծրագիրտասնչորս կետեր»)՝ ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով: Գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919-20 թթ. Փարիզի հաշտության կոնֆերանսում, որի արդյունքները աննպաստ եղան Վիլսոնի վարչակազմի և ԱՄՆ-ի համար, քանի որ չսասանվեցին Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը համաշխարհային և եվրոպական քաղաքականության մեջ:

Վիլսոնը Հայկական հարցի դրական լուծման և անկախ հայկական պետության ստեղծման ջատագով էր, ինչն իր արտահայտությունն է գտել Հայաստանի մանդատը (1920 թ.) ստանձնելու նրա պատրաստակամության մեջ: Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնը հանձն է առել 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրով ստեղծվող ապագա հայկական պետության սահմանները որոշողի դերը (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ): Սակայն հակասությունների սրումը մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ևն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը, որը նրա կողմից դիտվում էր որպես Անտանտի իմպերիալիստական պետությունների դաշնակից, ձախողեցին ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի սենատում, այնպես և Սևրի պայմանագրի իրագործումը: 

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am