ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թեոֆիլ (1886-1978 թթ.), գերմանացի գրող, բանաստեղծ: 1915-16 թթ. որպես սանիտարական ծառայության սպա գեներալ Ֆոն դեր Գոլցի բանակում եղել է Միջագետքում, միաժամանակ գերմանական մի շարք թերթերի ռազմական թղթակիցն էր: Թուրքիայում գտնվելու ժամանակ դարձել է երիտթուրքական իշխանությունների ոճրագործությունների ականատեսը: Ի տարբերություն գերմանացի շատ զինծառայողների, որոնք անտարբեր էին հայերի ջարդերին ու տանջանքներին, Վեգները ապարդյուն փորձել է գերմանական հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խժդժությունների վրա: 1919 թ. դասախոսություններով հանդես է եկել Գերմանիայի շատ քաղաքներում, պատմել անապատները քշված հայերի տառապանքների մասին, ցուցադրել դիապոզիտիվներ: Նույն թվականին Վեգները գրել է իր հայտնի «Բաց նամակ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին»՝ ձգտելով հասնել ցեղասպանության բոլոր մեղավորների պատժին: Հարց է բարձրացրել բարոյական և նյութական օգնություն ցույց տալ փրկվածներին, պահանջել բռնությամբ մահմեդականություն ընդունած հազարավոր հայ կանանց և երեխաների քրիստոնեական դարձի բերել, ապահովել հայրենի տները վերադառնալու իրավունքը և կորցրած ունեցվածքի փոխհատուցումը: 1921 թ. հունիսի 2-3-ին Բեռլինում կայացած դատավարության ժամանակ հանդես է եկել Թալեաթին սպանող ժողովրդական վրիժառու Ս. Թեհլերյանի պաշտպանությամբ: Գրել է նաև այդ դատավարության սղագրական հաշվետվության նախաբանը, որը լույս է տեսել Բեռլինում (1921 թ.)՝ «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերտառությամբ: 1922 թ. Իզմիրում հայերի կոտորածի կապակցությամբ գրել է «Ճիչ Արարատից» հոդվածը: Հետագա տարիներին ևս Վեգները շարունակել է պայքարել արդարության համար: Գրել է պատմական ակնարկներ և պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Ճանապարհ առանց վերադարձի», «Արմենիադա», «Հայ մորը» և ուրիշներ): Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, ծավալել է հակաֆաշիստական գործունեություն, հանդես է եկել հրեաների հետապնդումների դեմ, գրել բաց նամակ Հիտլերին, որի համար ենթարկվել է հալածանքի: Փախչելով բանտից և հրաշքով փրկվելով՝ Վեգները ապաստանել է Անգլիայում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Իտալիայում: Վեգները այցելել է Հայաստան 1927 թ. և 1968 թ.:
Ռ. Սահակյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am