ԽԼԱԹ, Ախլաթ, գավառ և քաղաք Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի համանուն գավառում, Վանա լճի արևմտյան ափին:

Խլաթի տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառին:

   XVI  դ. կեսին, ընկնելով թուրքական տիրապետության տակ, որպես գավառ մտցվել է Վանի էլայեթի մեջ՝ երբեմն ենթարկվելով հարևան Բիթլիսի խանությանը: 1840-70-ական թթ.՝ գավառակ Բիթլիսի նահանգի Մուշ գավառում, 1882թ-ից՝ գավառակ Բիթլիսի նահանգի համանուն գավառում: Կենտրոնը՝ Խլաթ քաղաք: XX դ. սկզբին Խլաթի 35 գյուղերից 25-ը հայաբնակ էին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Խլաթի մոտ 15 հազար հայերը կազմում էին բնակչության գրեթե 55 %-ը: Խոշոր հայաբնակ գյուղեր էին Թեղուտը (1928 բն.), Խուլիկը (516 ), Ծղակը՝  (596), Կարմունջը (688),Կծվակը  (923), Շամիրամը (625), Ջրհորը  (785), Տափավանքը (1172), Փրխուսը (2154): Հայերը զբաղվում էին հիմնականում հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ: Խլաթի տարածքում էին Գիրսի Ս. Ամենափրկիչ, Թեղուտի Ս.Հովհաննես և Մատնավանից Ս. Աստվածածին վանքերը: Թուրքական հարստահարությունների հետևանքով լքված նախկին հայաբնակ գյուղերում (Աղջավերան, Բադնոց, Գիրս, Դավալիկ, Խածուկ, Խալիկ և այլն) հաստատվել էին քրդեր և օսեր:

Խլաթի հայերի մեծ մասը կոտորվել է 1915թ-ին` Մեծ եղեռնի ժամանակ: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում:

 Գ. Բադալյան

 

 

Գրականության ցանկ

 

Սարգսյան Ն. , «Տեղագրութիւն ի Փոքր և ի Մեծ Հայս», Վնտ., 1864:   

 

                                                                                                           

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am