ԽՈՏՈՐՋՈՒՐ, Խոտոջուր, Խոտայջուր, ինքնավար համայնք (XVI դ.- XX դ. սկիզբ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի  Կիսկիմ գավառակում: Գտնվում է Քաջքար լեռան ստորոտին, Ճորոխ գետի ձախ վտակ Խոտորջուրի (Մեծ գետ) ավազանում:

Առաջին անգամ Խոտորջուրը հիշատակվում է XVI դ.: Տարածքը եղել է Մամիկոնյանների տոհմական սեփականությունը: XVII դ. Խնուսի հայերը ընդունել են կաթոլիկություն, բռնությամբ մահմեդականացված հայերը պահպանել են մայրենի լեզուն կամ խոսել «կեսկեսերեն» (խառը՝ հայ-թուրք.): Հիմնականում զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստագործությամբ: Խնուսի յուրաքանչյուր գյուղ ունեցել է ընտրովի գեղջավագ և ընդհանուր ժողով, որն էլ իրականացրել է ինքնավարությունը: Խնուսը թուրքական իշխանություններին վճարել է միանվագ տարեկան հարկ, և թուրք պաշտոնյաները չեն միջամտել համայնքի ներքին գործերին: XIX դ. վերջին Խնուսի բոլոր գյուղերն ունեին վարժարաններ, 1914թ-ին Կրման գյուղում կարճատև հրատարակվել է «Աղավնի Տայոց» թերթը: Սակավահողության պատճառով Խոտորջուրի տղամարդիկ երիտասարդ հասակից դիմել են պանդխտության (Կարին, Տրապիզոն, Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, Հարավային Ռուսաստան), ինչը առավել տարածվել է XIX դ. կեսին: Խոտորջուրցիները տևական ծանր պայքար են մղել թուրք հրոսակների դեմ (հատկապես XIX դ. 70-ական թթ-ից սկսած):

1915թ-ի նախօրեին Խոտորջուրի հայերի թիվը շուրջ 4 հազար էր: 1915թ-ի հունիսի 11-ին` Մեծ եղեռնի ժամանակ, խոտորջուրցիները տեղահանվել են, նրանցից շատերը՝ ճանապարհին կոտորվել: 1916թ-ի փետրվարին, ռուս բանակը գրավեց Էրզրումը և շրջակա բնակավայրերը: Պանդուխտ խոտորջուրցիները վերադարձան հայրենիք և սկսեցին վերաշինել իրենց բնակավայրերը: Բայց 1917թ-ի վերջին ռուսական բանակի նահանջից հետո, Խոտորջուրի վրա հարձակվեց թուրքական զորքը, և խոտորջուրցիները դիմեցին հերոսական ինքնապաշտպանության (տե՛ս Խոտորջուրի ինքնապաշտպանություն 1918 ):

 

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am