ՅԱՆԻԿՅԱՆ (Յանիգյան) Գուրգեն (1895 թ., Կարին – 1984 թ., ԱՄՆ), արդյունաբերող, գյուտարար և հասարակական-քաղաքական գործիչ: 1894-96 թթ. հայկական կոտորածների ժամանակ Յանիկյանի ընտանիքն անցել է Կարս: Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Ժնևում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մտել է հայկական կամավորական 2-րդ գունդը, մասնակցել Կովկասյան ռազմաճակատի մարտերին: Որոշ ժամանակ աշխատել է Թիֆլիսում: 1930-ական թթ. աշխատել է Իրանում: ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների համար Յանիկյանը ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո արդյունաբերողի և գյուտարարի իր գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում:

Յանիկյանը փորձել է Մեծ եղեռնի իրողությունն ու Հայկական հարցը ծանոթացնել օտարներին, սակայն նրա ծրագրերին խոչընդոտել է ԱՄՆ-ի կառավարությունը՝ խուսափելով ամերիկա-թուրքական հարաբերությունների բարդացումից: Հանգելով այն համոզման, որ միայն ուժի գործադրմամբ կարելի է միջազգային հասարակայնության ուշադրությունը բևեռել հայ ժողովրդի արդարացի դատի վրա, 1973 թ. հունվարի 27-ին, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում Յանիկյանը սպանել է երկու թուրքական դիվանագետների՝ հյուպատոսին ու նրա օգնականին: Դատապարտվել է ցմահ բանտարկության, սակայն 1984 թ. հունվարին ազատ է արձակվել վատ առողջության պատճառով և շուտով մահացել: Յանիկյանի ահաբեկչական արարքով սկզբնավորվեց Հայ դատի հետապնդման նոր՝ նաև զինված փուլը, որը իրագործեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և նման այլ հայկական կազմակերպություններ:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am