ԶԱՎԱՐՅԱՆ Սիմոն Մելիքի (կուսակցական ծածկանունը Անտոն, Օհանյան Սմբատ) (1866, գ. Այգեհատ-1913, Կ. Պոլիս, թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը), հասարակական-քաղաքական գործիչ, հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից: Զավարյանին զինակիցներն անվանել են «կուսակցության խիղճն ու սիրտը»: Ավարտել է Ներսիսյան դպրոցը, Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան: 1890-ին Թիֆլիսում մասնակցել է ՀՀԴ կուսակցության ստեղծման աշխատանքներին, մտել ղեկավար «Կենտրոնի» (վարչության) մեջ: ՀՀԴ կազմակերպություն հիմնելու նպատակով Հ. Արղությանի հետ (որպես ուսուցիչ) գործել է Տրապիզոնում, որտեղ ձերբակալվել է և որպես ռուսահպատակ հեռացվել Թուրքիայից: 1892-ին Թիֆլիսում մասնակցել է Գ. Արծրունու հուղարկավորությանը (տպավորիչ դամբանական է ասել, որը մեծ արձագանք է գտել) և դրան հաջորդած ցույցերին: 1902-ին անցել է Ժնև, աշխատել «Դրոշակի» խմբագրությունում: Ք. Միքայելյանի մահից հետո ՀՀԴ կուսակցության ամենահեղինակավոր գործիչն էր: Եղել է 1906-ին Էջմիածնում գումարված Ազգային կենտրոնական ժողովի նախագահը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ապրել և գործել է Կ. Պոլսում: Մասնագիտությամբ գյուղատնտես լինելով՝ Զավարյանը ուսումնասիրել է Երևանի, Կարսի նահանգների, Ղարաբաղի գյուղատնտեսության վիճակը, այդ մասին գրել ուսումնասիրություններ:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am