ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1877-78,1895, Զեյթունի հայերի ինք- նապաշտպանական կռիվները թուրքական տիրապետության դեմ: XIX դ. 2-րդ կեսին թուրքական կառավարությունը վճռական միջոցների դիմեց Զեյթունի կիսանկախ գոյությունը վերացնելու համար: Այդ գործողությունները դեռևս 1862-ին առաջ էին բերել զեյթունցիների հուժկու ապստամբությունը: 1877-1878-ի ապստամբությունը բռնկեց ի պատասխան հարկերի ծանրացման և թուրքական վարչության ճնշումների: Դրան նախորդեցին զեյթունցիների հուզումները. 1872-ին և 1875-ին հայերը քաղաքից վտարեցին թուրք ոստիկաններին և իրենց անկախ հայտարարեցին: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրքական ուժերին ճնշելու ապստամբությունը: Հայերը փորձեցին կապ հաստատել Արևմտյան Հայաստանում գործող ռուսական զորքերի հետ՝ զենք ստանալու համար, սակայն օգնություն չստացվեց: Պատերազմից հետո թուրքական կառավարությունը ուժեր կենտրոնացրեց Զեյթունի դեմ, կարճ ժամանակում ճնշեց զեյթունցիներին միանալ ցանկացող թուրքմենական կոզանօղլու ցեղի ապստամբությունը, ապա գրավեց Զեյթունը: 400 ապստամբներ իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ բարձրացան լեռները և շարունակեցին պայքարը: Բարձր դուռը Թուրքիայի ներքին գործերին եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ: Թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, իջեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին, փոխզիջումների միջոցով հանդարտեցրեց Զեյթունը:
Հ. Պողոսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
Ներսիսյան Մ. Գ., «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ» , Ե., 1955:
Մելիքսեթյան Վ. Գ., «Զեյթունի հերոսամարտերը», Ե., 1960:
Թուրսարգսյան Կ, «Զեյթունի պատմությունը», 2-րդ հրտ., Բեյրութ, 1962:
Պողոսյան Հ. Ա, «Զեյթունի պատմությունը», Ե., 1969:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am