ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏ (1922) (ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾ). Զմյուռնիայի (Իզմիր) հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից 1919-22-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ: Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների և Խորհրդային Ռուսաստանի նյութական, ռազմական, քաղաքական, բարոյական աջակցությունը, պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922-ի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խուժանի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը:

Այդ ժամանակ Զմյուռնիայում գտնվող Թորգոմը ընդհանուր խառնաշփոթի մեջ ի վիճակի չեղավ կազմակերպել բնիկ հայերի ու Զմյուռնիայում հաստատված մեծ թվով հայ գաղթականների ինքնապաշտպանությունը:Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում: Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր (թուրքական և խորհրդային պատմաբաններ անհիմն պնդում էին, թե քաղաքը հրդեհել են նահանջող հույները): Հրդեհի հետևանքով ավերվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ: Քրիստոնյաների կոտորածը կատարվեց ոչ միայն քաղաքում,այլև ծովափին, եվրոպական մարտանավերի անձնակազմերի աչքի առաջ, սակայն նրանք ի շահ քաղաքականության, ոչինչ չարեցին զոհերին փրկելու համար: Զմյուռնիայում գտնվող ամերիկյան գրող Է. Հեմինգուեյը մռայլ գույներով է նկարագրում թուրք բարբարոսների գործողությունները քրիստոնյաների նկատմամբ: Թուրքերը կոտորեցին նաև Զմյուռնիայի շրջակա տարածքների հույներին և հայերին, ինչպես նաև ջրասույզ արեցին այն նավերը, որոնց վրա ապաստանել էին բազմաթիվ փրկվածներ: Կոտորածներից փրկվեցին սակավաթիվ հույներ և հայեր, որոնց հունական կառավարությունը նավերով տեղափոխեց Հունաստան:

Զմյուռնյայի աղետը թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանության ակտ էր հույն և հայ ժողովուրդների նկատմամբ:

 

Ա. Խառատյան

 

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 Hovsepian M. The Smyrna Affair”, N.Y., 1971.

www.armeniansgenocide.am,  նկարներ (1919-1925թթ.) 

Սաքայան Դ., «Զմյուռնիա-1922», ԵՊՀ հրատ., Երևան, 2011: ()

Պյուո Ռ., «Զմյուռնիայի վախճանը, Զմյուռնիայի վերջին օրերը», ԵՊՀ հրատ., Երևան, 2012

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am