ՉՈՊԱՆՅԱՆ Արշակ (1872, Կ. Պոլիս - 1954, Փարիզ), գրող,  հասարակական  և մշակութային գործիչ, հրապարակախոս: Կրթությունը ստացել է ծննդավայրի ուսումնական հաստատություններում: 1895-ին  վտարանդվել  է  Ֆրանսիա: 1898-ից Փարիզում  հրատարակել  է «Անահիտ»  ամսագիրը: Չոպանյանը առաջիններից էր հայ հասարակական-քաղաքական գործիչներից, որ սթափ վերաքննության ենթարկեց ազգային ազատագրական պայքարի  անցած ուղին՝ փորձելով ցույց  տալ  ձախորդությունների պատճառները:  Չոպանյանի կարծիքով, Սան Ստեֆանոյում (1878)  Ռուսաստանի հովանավորությանը դիմողները  ճիշտ  ճանապարհի վրա էին, բայց հետո  սկսվել է  սխալների մի ամբողջ շարք,  երբ հայության  բախտը կապվել է եվրոպական տերությունների հետ: Նա քննադատել է նույն այդ տերությունների  ուշադրությունը գրավելու միտումով դարավերջի տարանջատ ելույթները, որոնք առիթ դարձնելով  սուլթանական Թուրքիան կազմակերպել է  հայության զանգվածային  ջարդեր:  Չոպանյանը ճիշտ և բնական էր գտնում հայ ազգային  ազատագրական  պայքարը  օտար բռնադատիչների  դեմ: Նրա քննադատությունն ուղղված էր ոչ թե շարժման  էության, այլ ղեկավարման  և իրականացման  մարտավարության դեմ: Չոպանյանը համոզված էր, որ շարժման ղեկավարությունը չէր մշակել հստակ ծրագիր,  և ընդհանրապես գործն  ամբողջությամբ վատ էր նախապատրաստված: Նա գտնում էր, որ ճնշված ժողովուրդների ազատագրության խնդիրք կարող է լուծվել երկու պայմանով, նախ որ պետք է որոշակի լինի խնդրի էությունը, և ապա՝ ժողովուրդը իր դատը շահելու համար ոչ թե մարտիրոսի, այլ հերոսի  արյուն  պետք է թափի և ցույց տա, թե տերն է այն հողի, որի վրա ազատ  ապրել  է  ուզում: Չոպանյանը համոզված էր, որ ստեղծված կացության  մեջ հայ  ժողովուրդը միայն իր ուժերով չէր կարող թոթափել  թուրքական լուծը  և պարտավոր էր բնական դաշնակիցներ փնտրել: Նա  ռուսական  կողմնորոշման կողմնակից էր՝ գտնելով, որ Ռուսաստանը իր  շահերի  բերմամբ դաշնակից է հայերին: «Ռուսիա կոչված է գերակշիռ  դեր մը  կատարել Հայկական հարցին լուծման մեջ,- գրում էր նա,- ինչ ձևով  ալ  ըլլա այդ լուծումը»: Պաշտպանում էր վրաց և արաբ ժողովուրդների հետ  բարեկամական կապերի ամրապնդման գաղափարը, անհրաժեշտ էր  համարում պահպանել հաշտ, դրացիական հարաբերություններ Իրանի  հետ: Առաջիններից էր, որ ցույց տվեց հայ և քուրդ ժողովուրդների ընդհանուր շահերը նույն բռնապետության դեմ պայքարում ևխնդիր դրեց օգնել քրդերի ազգային ինքնագիտակցության արթնացմանը: Չոպանյանը հայերի մեջ թուրքասեր քաղաքականության համոզված հակառակորդն էր, բայց գտնում էր, որ ազատություն ձեռք բերելուց հետո հայ ժողովուրդը պետք է օգնի թուրք ժողովրդին՝ քաղաքակիրթ ազգ դառնալու: XX դ. սկզբից Չոպանյանը հանդես եկավ երիտթուրքերի հետ համաձայնության քաղաքականության դեմ՝ նրանց ազգային ծրագրում չտեսնելով որևէ հուսադրող կետ ազգային փոքրամասնությունների համար: Չոպանյանը անհրաժեշտ էր համարում ազգային ազատագրական պայքարում հասնել բոլոր հայ քաղաքական կուսակցությունների գործողությունների միասնության: Նա մեծ ջանքերով կարողացավ Եվրոպայում ստեղծել առաջադեմ մտավորականության մի հզոր շարժում՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի: Չոպանյանը աշխարհից պահանջեց ոչ թե կարեկցանք ոչնչացող ժողովրդի նկատմամբ, այլ արդարացի գնահատանք ու խոնարհում այն նպաստի դիմաց, որ մարդկային քաղաքակրթության գանձարանին բերել է հայ ազգը պատմության հոլովույթում: Եվ այդ նպատակին ուղղված գրավոր ու բանավոր բազմաթիվ ելույթներ, հրապարակումներ ունեցավ օտար մամուլում, լսարանների առաջ: Սեծ եղեռնի օրերին Չոպանյանը ճշմարտացի քաղաքական գնահատական տվեց եղելությանը և հրապարակայնորեն հայտարարեց, որ կատարվածը Թուրքիայի կառավարողների մշակած պետական գաղտնի ծրագրի իրականացումն է: Նա գտնում էր, որ երիտթուրքերը նպատակ էին դրել «ոչ թուրք տարրերը թրքացնելու կամ ջախջախելու», և որ պատերազմը նրանց «պատեհ առիթ մը թվեցավ իրենց կանխորոշ ծրագիրը լիովին իրականացնելու»: Այնուամենայնիվ, Չոպանյանը լավատես էր ապագայի նկատմամբ և ավելիս՝ անհրաժեշտ էր գտնում լավատեսության ոգին ներարկել հայ ժողովրդին՝ ամրապնդելու, զորացնելու համար նրա գոյատևության կորովը:

Կ. Դալլաքյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am