ԲՐԱՅՍ Ջեյմս (Bryce James) (1838- 1922 թթ.), դերկոմս, անգլիական պետական գործիչ, իրավաբան, պատմաբան: Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1914): Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում՝ արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան: 1876-ին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը (տե՛ս Անգլո-հայկական միություններ) և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը այցելել Կովկաս ու Հայաստան (բարձրացել է Արարատի գագաթը): Իր տպավորություններն ամփոփել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877): 1880-ին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանղնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ),1893-ին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան: 1894-ի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում: Բրայսը առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915-ի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը: 1916-ին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ առաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթփաստաթղթերի ժողովածունԿապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը: Հայերի պաշտպանությամբ Բրայսը հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով: Մասնավորապես՝ 1920-ի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը Հայկական հարցում: Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական-քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am