Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920թ., ստորագրվել է դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի գլխավորած ՌԽՖՍՀ պատվիրակության միջև երկարատև բանակցություններից հետո: Խորհրդային կողմի նպատակն էր խորհրդային իշխանություն հաստատել Հայաստանում խաղաղ ճանապարհով: Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռացվում էր իշխանությունից, ամբողջ իշխանությունն անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ էին մտնում կոմկուսի 5 անդամներ և 2 ձախ դաշնակցական: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրային Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար: Մինչդեռ արդեն 1920թ-ի նոյեմբերի վերջին, Հայաստանի հյուսիսային շրջաններում հայտարարվել էր խորհրդային իշխանություն, կոմունիստների գլխավորած Հայաստանի Հեղկոմը նոյեմբերի 29-ին հայտարարեց խորհրդային իշխանության հաղթանակը և դեկտեմբերի 4-ին ժամանեց Երևան: Հեղկոմը չհամաձայնվեց համաձայնագրի այն պայմանի հետ, ըստ որի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում ՀՀԴ կուսակցությունը պիտի իր ներկայացուցիչներն ունենար:


Կ. Խուդավերդյան


Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.
 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am