ՀԱՐԲՈՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ամերիկյան զինվորական առաքելություն, որ Փարիզի հաշտության կոնֆերանսի 1919թ-ի մարտի 20-ի որոշմամբ՝ ԱՍՆ-ի կառավարությունն ուղարկել էր Հայաստան և Սերձավոր Արևելք: Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությանը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ: Առաքելությունը, որի կազմում կար ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 2 բրիգադային գեներալ, զինվորական դատախազ ևն, գլխավորում էր ամերիկյան բանակի գեներալ Հ. Հարբորդը: Նրա առջև խնդիր էր դրված՝ «հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար...»: Այդ կապակցությամբ ԱՍՆ-ի կառավարությանն ու այլ գերատեսչություններին հետաքրքրում էր ավելի քան 1000 հարց:

Հարբորդի առաքելությունն այցելեց Թուրքիա (Կիլիկիա, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Խարբերդի, Էրզրումի նահանգներ), Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Թիֆլիս, Բաքու, Բաթում: Առաքելության գործունեության արդյունքները ամփոփվեցին «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվեց ԱՄՆ-ի պրեզիդենտին (նախագահին) 1919թ-ի հոկտեմբերին և հանձնվեց կոնգրեսի քննարկմանը 1920թ-ի ապրիլին: Զեկուցագիրն ուներ չորս բաժին. 1. Հայ ժողովրդի պատմությունն ու նրա ներկա դրությունը, 2. Թուրքիայի քաղաքական վիճակն ու դրա կարգավորման հնարավորությունները, 3. Թուրքիայի և Անդրկովկասի մանդատի ընդունման պայմաններն ու խնդիրները, 4. Մանդատի ընդունման թեր և դեմ կարծիքները: Զեկուցագրում առաջ էր քաշվում ԱՍՆ-ի կողմից Հայաստանի, Անդրկովկասի, Անատոլիայի, Կիլիկիայի, Կ. Պոլսի՝ նեղուցներով հանդերձ, և Փոքր Ասիայի սահմանակից տարածքների «միասնական մանդատի» ստանձնման գաղափարը: Առանց բոլոր այդ տարածքների, նշվում էր զեկուցագրում, Հայաստանի մանդատի ստանձնումը անիմաստ կլիներ ԱՄՆ-ի համար, քանի որ ծախսերը իրենց չէին արդարացնի, իսկ օրենքն ու կարգապահությունը չէին ապահովվի: «Թուրքիայում անցկացված բոլոր բարեփոխումների ժամանակ,- ասված էր զեկուցագրում,- չի եղել մի որևէ դեպք Եվրոպայում, Ասիայում կամ Աֆրիկայում, որ Թուրքիայի տիրապետությունը հանգեցրած չլիներ տվյալ երկրի ազգի բարգավաճման նվազեցմանը...»: Հարբորդի առաքելությունը գտնում էր, որ «Հայկական հարցը չի կարող լուծվել... առանց լուծելու հետևյալ հարցերը. 1. Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ, 2. Ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանը»: Զեկուցագրում մատնանշվում էր, որ «ռուսական Հայաստանը» կքվեարկեր մանդատը Ռուսաստանին հանձնելու օգտին, եթե «այդ տերությունը ոտքի կանգներ»: Առաքելությունը առաջարկում էր մինչև տեղական ուժեղ իշխանություն ու ոստիկանություն ստեղծելը ենթամանդատային տարածք մտցնել ամերիկյան զորքեր, որոնց թիվը պետք է հասներ 200 հոգի, իսկ 1919թ-ի համար՝ մոտ 2 դիվիզիա (59 հազար մարդ): Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ-ը հենց այն պետությունն է, որը կարող էր ընդունել մանդատը:

Հարբորդի առաքելության զեկուցագիրը ԱՄՆ-ի կոնգրեսի քննարկմանը ներկայացվեց 1920թ-ի մայիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը (1920թ-ի ապրիլի 23): Անցած ամիսներին միջազգային իրադրությունը նշանակալի չափով փոփոխվեց. Խորհրդային Ռուսաստանը հաղթանակ տարավ սպիտակ գվարդիականների նկատմամբ, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմամբ ուժեղացան Խորհրդային Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում, մերձեցում սկսվեց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև, սրվեցին հակասությունները Անտանտի տերությունների միջև՝ Մերձավոր Արևելքում ազդեցության ոլորտները բաժանելու հարցում: Այս հանգամանքներն էլ հենց դրդեցին ԱՄՆ-ի կոնգրեսի՝ մերժել Հայաստանի մանդատն ընդունելու Վուդրո Վիլսոնի առաջարկը:


Գ. Գալոյան



Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am