![](/content_images/image/image.jpg)
![](/content_images/image/image%20(1).jpg)
1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ): Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր Հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ: Հետագայում՝ XIX դ. 90-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ II-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (տե՛ս Հայկական կոտորածներ 1894-96 թթ.), ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ, Սասուն, Վան, Շապին Գարահիսար ևն): Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի:
![](/content_images/image/image%20(2).jpg)
XX դ. սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումը Արևմտյան Հայաստան: Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները: Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսական սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության:
1903 թ. մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ): Նույն թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրքական զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ): 1904 թ. մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում: Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել: Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում՝ բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան: Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը Արարատի ուղղությամբ: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր: Հանդիպելով թուրքական զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են: Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները: Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային երթեր. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.):
1904 թ. Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է
ապրել: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (տե՛ս Ալվառինջի կռիվ 1905 թ., Սուլուխի կռիվ 1907 թ.)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված էր անհաջողության: Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար: Հայ հայդուկային շարժումը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի վառ էջերից է:
![](/content_images/image/image%20(3).jpg)
Ա. Ներսիսյան
Գրականության ցանկ՝
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
Շատ են դիտել
Քարտեզներ
ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
![](http://www.armeniansgenocide-am.armin.am//cms/image.php?image=http://www.armeniansgenocide-am.armin.am/images/menus/378/Vani_herosamart.jpg&width=50)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am