Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի ապրիլի 24-ին թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորեցին հայ մտավորականության առաջին խմբերին): Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մշտապես նշվել է հայկական սփյուռքի բոլոր համայնքներում: Խորհրդային Հայաստանում այդ օրը աոաջին անգամ նշվեց 1965-ի ապրիլի 24-ին՝ ողբերգական իրադարձությունների 50-ամյակի առթիվ: Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով: Ցույցը, որին գերազանցորեն մասնակցում էր ուսանող երիտասարդությունը, ավարտվեց Կոմիտասի գերեզմանի մոտ կայացած հանրահավաքով: Նույն օրը Երևանում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցում էին լայն հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ, այդպիսով, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պետականորեն նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ապա հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին: Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդ բարձունքի վրա հուշահամալիրի կառուցումից հետո ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի հուշարձան: 1986-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽԱՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 1915-ի հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային օր (տե՛ս Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին).
                                                                      

Կ. Խուդավերդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:



 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am