ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ, հիմնվել էր ըստ Ֆրանս-Հայկական համաձայնագրի, գործում էր Ֆրանսիական բանակում։ Կազմավորվել է 1916-ին Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայանգրի հիման վրա։ Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում , որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերամից հետո ինքնավարություն տալ։ 1916-ի նոյեմբերին Ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները , հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։ Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը , որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգեոնը մարտական առաջին մկրտությունը ստացավ 1918 թ-ի սեպտեմբերի 18-ին Պաղեստինում (Արարայի ճակատամարտ), այնուհետև, անգլո-ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի , իսկ 1920-ի օգոստոսին՝ վերջնականլուծարման։

 

Գրականության ցանկ՝

Հայկաակն հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am