«ՀՆՉԱԿ», թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ: Հիմնել է Ավետիս Նազարբեկը: Հրատարակվել է 1887-1915թթ-ին, 1935-1940թթ-ին, Ֆրանսիայում, Հունաստանում, Անգլիայում, ԱՍՆ-ում: Խմբագրական կազմի մեջ մտել են հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները:

Թերթի հիմնական խնդիրն էր քարոզել հայ ժողովրդի ազգային-ազատագրության գաղափարները, Արևմտյան Հայաստանի ազատագրումը, լայն զանգվածներին հասցնել հնչակյան կուսակցության գործելակերպն ու ռազմավարությունը: Թերթը մանրամասնորեն լուսաբանել է արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, հրապարակել տվյալներ թուրքական իշխանությունների գործադրած բռնությունների և ջարդերի վերաբերյալ: Թերթի շնորհիվ միջազգային հասարակայնությունն առաջին անգամ տեղեկացել է 1890թ-ի Կարինի և Կ. Պոլսի ցույցերի, 1894թ-ի Սասունի, 1895թ-ի Զեյթունի ու 1896թ-ի Վանի ապստամբությունների և, ընդհանուր առմամբ, հայ հայդուկային շարժման մասին:

Թերթը քարոզել է սոցիալիստական գաղափարներ՝ նպաստելով սոցիալ-դեմոկրատական և բանվորական շարժմանը, քննադատել ռուսական ինքնակալության արտաքին և ներքին քաղաքականությունը: Գործունեության երկրորդ շրջանում (1935-1940թթ.) թերթի հիմնական հարցը մնացել է նորից հայ ժողովրդի ագգային-ագատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին՝ համախմբվել Խորհրդային Հայաստանի շուրջը:

 

Ռ. Խուրշուդյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am