«ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ. 1915-1965», Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 50-ամյակի առթիվ Բեյրութի «Զարթոնք» թերթի (ռամկավար ազատական կուսակցության օրգան) 1965-ին հրատարակած ժողովածուն: Բաղկացած է հետևյալ բաժիններից. «Պատմական», «Ջարդերը շրջան առ շրջան», «Հուշագրական», «Գրական», «Գոյամարտ», «Հայոց հողային դատը», «Վկայություններ... Ուրացումներ» ևն, որոնք ամփոփում են փաստաթղթեր, ինչպես նաև ավելի վաղ հրապարակված կամ տվյալ հրատարակության համար հատկապես գրված հոդվածներ, ակնարկներ, հետազոտություններ: Ժողովածուի շատ նյութեր գրեթե սկզբնաղբյուրի նշանակություն ունեն: Մանրամասն տրված է Արևմտյան Հայաստանի հիմնական շրջանների (Սեբաստիա, Կեսարիա, Խարբերդ, Դիարբեքիր, Տարոն, Կարին, Տրապիզոն ևն) և Կիլիկիայի հայերի տեղահանության ու կոտորածների պատմությունը, բերված են զոհված հայերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ: Մասնակիցների հիշողություններում ուշագրավ դրվագներ են ներկայացված Վանի, Շապին Գարահիսարի, Ուրֆայի, Մուսա լեռան և այլ վայրերի հերոսական ինքնապաշտպանություններից: Գրական մասում ընդգրկված են հայ գրողների ստեղծագործություններ: Բերված են արտասահմանյան նշանավոր պետական գործիչների, գիտնականների, մշակութային գործիչների (Ջ. Բրայս, Մ. Թոյնբի, Ա. Մանդելշտամ, Հ. Մորգենթաու, Յո. Լեփսիուս, Ֆ. Նանսեն և ուրիշներ)՝ թուրքական կառավարողների չարագործությունները դատապարտող արտահայտություններ: Ժողովածուն պատկերազարդ է, շատ լուսանկարներ վավերագրական արժեք ունեն:

Ժողովածուն բացվում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի՝ 1965-ի հունիսի 4-ի կոնդակով:

Կ. Խուդավերդյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am