Պանիսլամիզմ,համաիսլամականություն,կրոնաքաղաքական գաղափարախոսություն, որը սկզբնավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին և լայն տարածում գտել մահմեդական երկրներում: Պանիսլամիզմը եղել է Օսմանյան կայսրության պաշտոնական գաղափարախոսությունը սուլթան Աբդուլ Համիդի 2-րդի օրոք և որպես այդպիսին մեծ ազդեցություն ունեցել այդ պետության ներքին եւ արտաքին քաղաքականության վրա: Պանիսլամիզմի հիմնադրույթը, որ ձեւակերպել են մահմեդական բարեփոխիչներ Ջեմալ ադ Դին ալ Աֆղանին (1839-97),Մուհամմադ Աբդոն (1849-1905) և նրանց հետևորդները, հանգում է տակավին միջին դարերում հիմնադրված դասական իսլամի սկզբունքներին: Որևէ ցեղային  համայնքին պատկանելու նկատմամբ մահմեդական կրոնականՍասունի կոտորածը (1894թ. օգոստոս) համայնքին պատկանելու առաջնությունը 19-րդ դարի վերջին ձևակերպվել է հետևյալ կերպ. իսլամը  բոլոր մահմեդական ժողովուրդների վերազգային ընդհանրության ձևն է: Աշխարհը երկու մասի` դար ալ իսլամի (իսլամի աշխարհի) և դար ալ հարբի (պատերազմի աշխարհի) բաժանելու և սրբազան պատերազմի (ջիհադ) միջոցով  դար ալ հարբը դար ալ իսլամի վերածելու սկզբունքը 19-րդ դարում պանիսլամականների  բնորոշմամբ հետևյալ բնորոշումն է ստացել. մահմեդականներով բնակեցված բոլոր տարածքները պետք է ազատագրվեն ոչ մահմեդականների լծից, մահմեդականները պետք է միավորեն համաշխարհային իսլամական պետության` Խալիֆայության մեջ, որի կենսագործունեությունը պետք է կանոնակարգվի շարիաթի օրենքներով: Եթե 19-րդ դարի վերջի մահմեդական բարեփոխիչների համար այդ գաղափարները նախ և առաջ գաղափարախոսական զենք էին, որը նրանց հարկավոր էր Արևմուտքի ազդեցությանը հակադրվելու համար, ապա Աբդուլ Համիդ 2-րդի համար այդ համադրույթը դարձավ կրոնաքաղաքական վարդապետություն, որով նա հիմնավորում էր Օսմանյան կայսրության պահպանումն ու նրա վերածումը մահմեդականների համաշխարհային պետության (թուրքական սուլթանը մինչեւ 1924 թ. համարվում էր խալիֆ, այսինքն`բոլոր մահմեդականների հոգևոր ղեկավար): Պանիսլամիզմը օբյեկտիվորոն ուղղված էր աշխարհիկ և հոգեւոր ֆեոդալների  շահերի պաշտպանությանը: Պանիսլամականները գտնում էին, որ պետք է վերացվեն պանիսլամիզմի գաղափարների ճանապարհին եղած խոչընդոտները: Որպես այդպիսի խորընդոտ էր դիտվում նաև հայ ժողովուրդը,նրա ազգային-ազատագրական պայքարը: Հայ ժողովրդի նկատմամբ պանիսլամականների քաղաքականության մեջ պակաս դեր չէր տրվում նաեւ աշխարհաքաղաքական գործոններին, Հայաստանի ռազմավարական նշանակությանը`որպես Ասիայում քրիստոնեկան աշխարհի ամրակերտի (ֆորպոստ):

Օսմանյան կայսրությունում երիտթուքերի, որոնց գաղափարախոսությունը հիմնվում էր գերազանցապես պանթյուրքիզմի վարդապետության վրա, իշխանության գլուխ անցնելով, պանիսլամիզմը  միառժամանակ նահանջեց,բայց արդեն XX դ. 30-ական թթ., ի դեմս Եգիպտոսում ստեղծված «Մահմեդական եղբայրների ընկերության», վերստին դարձավ շոշափելի կրոնաքաղաքական ուժ:
 
Պանիսլամիզմի ժամանակակից վարդապետությունը մարդուն ենթարկում է ալլահին, գովերգում է իսլամի ընդհանրականությունը, նրա ազգային-էթնիկական և դասակարգային տարանջատվածությունը հակադրում է համաշխարհային իսլամական պետությանը, աշխարհիկ պետությանը`աստծու գերիշխանությանը: Բազմազան են ժամանակակից իսլամական կուսակցություններն ու խմբավորումները, որոնք որդեգրել են իրենց գոր-ծունեության տարբեր եղանակներ`քարոզչությունից մինչև ահաբեկչական գործողություններն ու զինված ելույթները:
                                                                                                      Դ.Հովհաննիսյան
 
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Սիմոնյան Հր.,«Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը», «Հայաստան» հրատ., Երևան, 1986.: 

 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am