ՓԱՐԱՄԱԶ (Սարգիսյան Մատթեոս) (1863, Մեղրի - 1915, Կ.Պոլիս), ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող: Հնչակյան կուսակցության անդամ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1878-83-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1884-ին ուսուցիչ էր Նախիջևանում, ապատեղափոխվել է Ճահուկ, հետո՝ Արդաբիլ: 1897-ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է: Դատի ժամանակ արտասանած ճառում անարգանքի սյունին է գամել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը: Փարամազը դատապարտվել է մահվան, սակայն Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ուղարկվել է Կովկաս և ազատվել կալանքից: 1903-ին, երբ սկսել է իրագործվել հայ եկեղեցական ունեցվածքը բռնագրավելու մասին ցարական օրենքը, Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը: 1905-ին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրքական լրտեսների կազմակերպած կոտորածներին: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո անցել է Օսմանյան կայսրություն և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը: Անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը:
Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով: 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո, 19 հոգու հետ կախաղան բարձրացվել Կ.Պոլսում:
Հ. Պողոսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am