Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)

 Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:

Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս  Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում:
Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետրվարի 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հարավային մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:
 
 
 
Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
«Հայ ժողովրդի պատմություն», հ. 6, Ե., 1981:
 
Русско-турецкая война 1877-1878, М„ 1977.
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am