![]() |
Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը: Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարևոր է դառնում:
Ուստի ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները: Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ: Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները: Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հասցեին:
|